Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատմական խաղաղությանը։ Սրա մասին ասվում է Գերմանիայի արտգործնախարարության հայտարարության մեջ՝ նշելով, որ Թուրքիան հարեւան տարածաշրջանում կարեւոր խաղաղության միջնորդ է։
Գերմանիայի արտգործնախարարության X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում տեղի ուենցած հանդիպմանը Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են այս ուղղությամբ կատարվող կոնկրետ քայլեր։
Օրերս Նյու Յորքում Բերբեքի հետ հանդիպել էր նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպման ընթացքում Գերմանիայի արտգործնախարարը նշել էր, որ այս պահին կա խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն, որի իրագործման համար անհրաժեշտ է ամուր քաղաքական կամք, որը Հայաստանն իր կողմից հստակ արտահայտել է։
Թուրքիայի նախագահը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նախօրեին հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները դիտարկելիս «դրանք բացասական չեն թվում, եւ նրանք ցանկանում են, որ մենք հնարավորինս շուտ ապահովենք խաղաղության պայմանագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»։