Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից հանրապետության կամ Ռուսաստանի դեմ հնարավոր հարձակումը կհրահրի լայնածավալ հակամարտություն միջուկային զենքի կիրառմամբ։
Լուկաշենկոն ընդգծել է, որ Մինսկը հստակ ուրվագծել է իր «կարմիր գծերը», որը ենթադրում է պետական սահմանների խախտման դեպքում «ակնթարթային պատասխան»։ Ըստ Բելառուսի նախագահի՝ երկիրը պատրաստվում է նման սցենարի։
«Մենք միջուկային զենք կօգտագործենք, մեզ կարող են պատասխանել։ Ռուսաստանը նույնպես։ Հետեւաբար այն կօգտագործի իր ամբողջ զինանոցը։ Իսկ սա արդեն համաշխարհային պատերազմ է։ Արեւմուտքն էլ դա չի ուզում, նրանք պատրաստ չեն դրան»,- ասել է Լուկաշենկոն տեխնիկական բուհերի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
Նա հիշեց, որ սեպտեմբերի 17-ին հայրենասիրական ֆորումում զգուշացրել է, որ Բելառուսի վրա հարձակումը կհամարի համաշխարհային պատերազմի սկիզբ։
Ալեքսանդր Լուկաշենկոն նաեւ շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին միջուկային դոկտրինում փոփոխություններ կատարելու համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի նախագահը հայտարարել էր միջուկային դոկտրինում փոփոխություններ մտցնելու մասին, որը ենթադրում էր նաեւ Բելառուսի ու Ռուսաստանի միութենական պետության դեմ ցանկացած ռազմական հարձակման պատասխանել միջուկային հարվածով։ Որոշվել է նաև, որ ցանկացած ոչ միջուկային երկրի, բայց միջուկային պետության մասնակցությամբ իրականացված հարձակում պետք է դիտարկել որպես համատեղ հարձակում Ռուսաստանի վրա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դոկտրինի փոփոխությունն ազդանշան է անվանել ոչ բարեկամ երկրների համար։