Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ վերջին քննարկումները։
Նախարարն ընդգծել է Հայաստանի ամուր քաղաքական կամքը տարածաշրջանում հարատեւ խաղաղության հասնելու հարցում եւ այս համատեքստում կարեւորել տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության անվերապահ հարգման առնչությամբ Իրանի կողմից ամենաբարձր մակարդակում արտահայտված դիրքորոշումը։
Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարները նաեւ անդրադարձել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին։ Այս համատեքստում Միրզոյանը ընդգծել է կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի հիմքում դրված սկզբունքներին համապատասխան հաղորդակցությունների բացման հարցում ՀՀ հաստատակամ մոտեցումը։
Հանդիպմանը Միրզոյանը եւ Արաղչին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ներուժը լավագույնս իրացնելու հնարավորությունները: