Լիբանանի տարածքին իսրայելական զինված ուժերի շարունակվող հարվածների պատճառով ավելի քան 30 հազար մարդ է Սիրիայում ապաստան փնտրելու համար վերջին երեք օրվա ընթացքում հատել լիբանանա-սիրիական սահմանը։ Սրա մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Արաբական Հանրապետությունում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) ներկայացուցիչ Գոնսալո Վարգաս Լյոսային։
Ըստ նրա՝ փախստականների մոտավորապես 80%-ը Լիբանանում հաստատված սիրիացիներն են, իսկ նրանց շուրջ կեսը երեխաներ եւ դեռահասներ են։ Լյոսային ակնկալում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում Լիբանանից Սիրիա մեկնել ցանկացողների հոսքի ավելացում։
Իսրայելի եւ լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման հակամարտության սրման նոր փուլը սկսվել է սեպտեմբերի 17-ին եւ 18-ին Լիբանանում կապի սարքերի մի շարք պայթյուններից հետո: Շարժումը պայթյունների կազմակերպման պատասխանատվությունը դրել է Իսրայելի վրա, որի իշխանությունները ուղղակիորեն չեն մեկնաբանել միջադեպը, սակայն հայտարարել են հյուսիսային ուղղությամբ ռազմական գործողությունների ակտիվացման մասին։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետերը» ռազմական գործողությունը Լիբանանում «Հըզբոլլահի» ուժերի դեմ, որի ընթացքում զանգվածային հարվածներ է հասցնում շարժման ռազմական օբյեկտներին։ Նշված նպատակն է ստեղծել անվտանգ միջավայր Իսրայելի հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի 2023 թվականի հոկտեմբերից «Հըզբոլլահի» մշտական գնդակոծությունների պատճառով տարհանված տասնյակ հազարավոր բնակիչներ կարողանան վերադառնալ իրենց տներ: