Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, հիասթափություն է հայտնել Միացյալ Նահանգների գործողությունների կապակցությամբ, որոնք իր պնդմամբ խոչընդոտել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իսրայելից կրակի դադարեցում պահանջող բանաձեւի նախագծերի ընդունումը:
«Մենք ափսոսում ենք, որ ԱՄՆ վարչակազմը՝ աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունը, երեք անգամ խոչընդոտել է Անվտանգության խորհրդի բանաձեւերի նախագծերը, որոնք Իսրայելից պահանջում են պահպանել հրադադարը», — ասել է Աբբասը Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումների ժամանակ:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը ոչ միայն օգտագործել է իր վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այլեւ Իսրայելին զենք է ուղարկել, որն օգտագործվել է Գազայի հատվածում։
«Միացյալ Նահանգները հենց այն երկիրն է, որը եղել է Անվտանգության խորհրդի միակ անդամը, որը դեմ է քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում լիիրավ անդամակցության տրամադրմանը։ Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները աջակցել մեր ժողովրդին ընդդիմացողներին եւ պնդել, որ մեզ զրկեն ազատության եւ անկախության օրինական իրավունքներից»,-ասել է Պաղեստինի նախագահը:
Ապրիլի 19-ին ԱՄՆ-ն օգտագործեց իր վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում եւ արգելափակեց Պաղեստինին համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու մասին Ալժիրի առաջարկած բանաձեւի նախագիծը։