Արցախյան շարժումը Արցախյան ազատամարտի ու մեր նորանկախ հանրապետության կրած բազմաթիվ դժվարությունների հետ իննսունականներին արձանագրեց մի կարեւոր փաստ՝ մենք պայքարել ենք մեր անկախության համար:
Այո՛, դա չէր լինի, եթե Խորհրդային Միությունը հասած չլիներ այդպիսի վիճակի, սակայն փաստ է, որ ազգային խնդիրները, այդ թվում Արցախի հարցը, որի մեկնարկից ամեն ինչ սկսվեց, Միության փլուզման շարժիչ ուժ էին:
Եվ մենք տարանք պայքար, որը խլեց մեզնից մեր բազում հայորդիների, խեղաթյուրվեցին բազմաթիվ կյանքեր:
Ի տարբերություն Առաջին հանրապետության՝ մենք անկախության գնում էինք գիտակցված, արդեն 1989-ին պայքարի նպատակներից մեկը անկախ Հայաստանի հռչակումն էր: Ուրիշ բան, որ հասարակությունը էյֆորիայի մեջ էր, նրա մեջ դա արմատավորված չէր այնպես, որ լիարժեք հասկանա փոքր պետության համար անկախության նշանակությունը, ինչը երեւաց հետագա տարիներին:
Անկախությունից շեղումը սկսվեց հաղթանակից հետո, երբ բոլորը ձգտում էին պետության հաշվին ապահովելու լավ կենցաղ, բայց դրա փոխարեն ոչինչ չտալ պետությանը, այսինքն՝ Հայաստանը դարձավ որոշ ընտանիքների հարստացման միջոց:
Պետությունը հարմարվել էր, քանի որ կար յուրային լինելու հասկացողությունը. այսինքն՝ շատ մարդիկ, որոնք մասնակից են եղել շարժմանը կամ այնուհետեւ հայտնել են իրենց հավատարմությունը, կարող էին ունենալ լայն արտոնություններ ու լինել իշխանությունների կողքին:
Պատերազմի պայմաններում դա որոշ առումով օրինաչափ էր, քանի որ ամեն մի անհաջողության դեպքում թիկունքում սկսվում էին բողոքի ակցիաներ, որոնք կարող էին հասցնել պետությունը կոլապսի, սակայն այս ավանդույթը պահպանվեց նաեւ պատերազմից հետո:
Ժողովրդավարության դժվարություններն էլ էին օրինաչափ, բնական է, որ տոտալիտար համակարգի վերացումից հետո միջանկյալ փուլում ավտորիտար համակարգն է գործում, սակայն եթե այսպիսի օրինաչափությունները արդարացնենք, ապա ՀՀ բոլոր արատավոր խնդիրները կդառնան օրինաչափ եւ անլուծելի:
Այսպիսով՝ Խորհրդային Միությունից ժառանգեցինք հիմնականում վատը, մեր ուժային կառույցներն էլ թեեւ բավականին ինստիտուցիոնալ զարգացում ապրեցին, նրանք հետագայում չկարողացան ապահովել ստեղծված անվտանգային ճարտարապետությունը, որպես այդպիսին՝ մենք չունեցանք պատերազմող երկրին համապատասխան հետախուզական ծառայություն:
Որպես պետություն, որը պատերազմի մեջ է միշտ, ամենամեծ սխալն այն էր, որ չստեղծվեց պետական կադրեր պատրաստող առանձին պետական քաղաքական դպրոց, չձեւավորվեց համընդհանուր օբյեկտիվ ռազմավարություն, որը արմատավորված կլիներ մեր պետական պաշտոնյաների մեջ:
Ճիշտ է, փորձ արվել է Կառավարման ակադեմիայի միջոցով պետական ծառայության դպրոց ունենալու, բայց, կարելի է ասել, այն անհաջող էր:
Մենք չօգտագործեցինք մեր բազում լավագույն ներկայացուցիչների հնարավորությունները ի բարօրություն մեր պետության, սոցիալական անարդարությունը, հանցանքները, դժվարությունները ստիպեցին շատերին հեռանալ եւ այլեւս չվերադառնալ հայրենիք:
Այսպիսի վիճակի շարունակությունը, ինչպես Շանթ Հարությունյանը կասեր, տարավ հասարակությանը բարոյական դեգրադացիայի, ինչի պտուղները մենք քաղում ենք այսօր:
Եվ ամենակարեւորն այն էր, որ մենք չհասկացանք, որ մեր հնարավորությունների չափով մեր անկախությունը ապահովելու համար մեզ պետք էր ձգտել լուծելու Արցախի հարցն ու կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, բայց որեւէ խնդիր չստեղծելով Ռուսաստանի շահերի համար ու չդառնալով Թուրքիայի ազդեցության գոտի ընդդեմ Ռուսաստանի:
Հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների ու գաղափարների հետեւորդները տարեցտարի շատացան, բայց դա որեւէ նշանակություն չունեցավ, քանի որ նրա վարած կադրային քաղաքականության եւ այլ սխալների պատճառով իր իսկ ստեղծած համակարգը իրեն հեռացրեց իշխանությունից:
Ինչպես Վանո Սիրադեղյանը կասեր, ռազմապետական հեղաշրջումը գլխավորեց ոչ թե Վազգեն Սարգսյանը, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Վազգեն Սարգսյանին կարելի էր համարել իրական ոչմիթիզական, որը հավատում էր իր տեսլականին ու կատարում այդ ուղղությամբ իրական քայլեր, սակայն նրա սպանությունից հետո սկիզբ առավ պսեւդոոչմիթիզականությունը, Արցախը դարձավ իշխանության պահպանման միջոց:
Այդ պսեւդոոչմիթիզականությունը շարունակեց Նիկոլ Փաշինյանը եւ, հետեւանքներից ելնելով, հիմա քաղում ենք ավելի վտանգավոր մոտեցման՝ ծայրահեղացված պացիֆիզմի պտուղները:
Արմեն Մկրտչյան