Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնապես հայտարարեց շիայական «Հըզբոլլահ» շարժման առաջնորդի եւ հիմնադիրներից մեկի՝ Հասան Նասրալլայի մահվան մասին լուրը։
Պաշտոնական հայտարարության համաձայն՝ Նասրալլան սպանվել է «Հըզբոլլահի» ստորգետնյա շտաբի վրա իսրայելական ավիահարվածի ժամանակ։
«Իսրայելի պաշտպանության բանակի եւ իսրայելական անվտանգության հաստատությունների ճշգրիտ հետախուզական տվյալների համաձայն՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները թիրախային հարված են հասցրել «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կենտրոնական շտաբին, որը տեղակայված էր Բեյրութի Դահիե շրջանում գտնվող բնակելի շենքի տակ»,- ասվում է Իսրայելի բանակի հայտարարության մեջ։ Դրանում նաեւ նշվում է, որ հարվածը հասցվել է այն ժամանակ, երբ շարժման բարձրագույն ղեկավարությունը գործողություններ էր վարում շտաբից։
Իսրայելի պաշտպանության բանակն ընդգծում է, որ Հասան Նասրալլան եղել է «Հըզբոլլահի» ներսում կենտրոնական որոշումներ կայացնողը եւ ռազմավարական առաջնորդը։
Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ հարվածի հիմնական թիրախը եղել է հենց «Հըզբոլլահի» առաջնորդը։ Միեւնույն ժամանակ խմբավորման տարբեր աղբյուրներ արեւմտյան լրատվամիջոցներին (ներառյալ AFP-ին եւ Reuters-ին) պատմել էին, որ Նասրալլան ողջ և ապահով է մնացել հարվածներից հետո:
«Հըզբոլլահի» ղեկավարությունը դեռ չի հաստատել իր առաջնորդի մահվան մասին լուրը։
Նախօրեին իսրայելական բանակի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հարվածների հետեւանքով զոհվել են «Հըզբոլլահի» հրթիռային ստորաբաժանման հրամանատար Մուհամմադ Ալի Իսմայիլը եւ նրա տեղակալ Հուսեյն Ահմադ Իսմայիլը։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ նրանց հետ մահացել են նաեւ հրթիռային ստորաբաժանման այլ հրամանատարներ։
Հասան Նասրալլան լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժումը ղեկավարում է 1992 թվականից՝ իր նախորդի՝ գլխավոր քարտուղար Աբբաս Մուսավիի մահից հետո, որը սպանվել էր իսրայելական օդուժի հրթիռային հարվածների հետեւանքով։