Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի նոր՝ 159-րդ թատերաշրջանի բացումը համաքաղաքային տոնի էր վերածվել։
Թատերաշրջանի մեկնարկն ազդարարվեց Նոել Քոուարդի «Խելահեղ Seance» լիրիկական կատակերգությամբ։ Ներկայացումը բեմադրել էր երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը։ Բեմում էին ինչպես ճանաչված ու սիրված, այնպես էլ երիտասարդ սերնդի դերասաններ։
Դրամատիկականի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը հիշեցրեց, որ վերջին տարիներին ներկայացումներն ավելի ծանր ու տխուր էին։ «Այս անգամ որոշեցինք սիրո թեման բեմ հանել, սեր տալ հանդիսատեսին, որ առօրյա կյանքի հոգսերից մի պահ կտրվեն։ Թատրոնը պետք է կարողանա փրկել, ապրեցնել, անհնարինը դարձնել հնարավոր»։
Գյումրու դրամատիկական թատրոնը խոստանում է երեք նոր առաջնախաղ, բազում հյուրախաղեր մարզերում եւ արտերկրում։ Իսկ 160-րդ հոբելյանական թատերաշրջանին պատրաստվում են այսօրվանից՝ ամենայն մանրամասնությամբ։