Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ օդային հարվածներ է հասցրել Եմենի «Անսար Ալլահ» շարժման (առավել հայտնի որպես հութիներ) հենակետերին՝ երկրի Հոդեյդա քաղաքի եւ Ռաս Իսա նավահանգստի մոտակայքում։ Գործողությանը, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, ներգրավվել են տասնյակ իսրայելական ինքնաթիռներ, այդ թվում՝ կործանիչներ:
«Տարվա ընթացքում հութիները գործել են Իրանի ղեկավարությամբ ու ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ Իրաքի զինված խմբավորումների հետ համագործակցելով՝ նպատակ են ունեցել հարձակվելու Իսրայել պետության վրա, խաթարել տարածաշրջանային կայունությունն ու խոչընդոտել նավարկության գլոբալ ազատությունը»,- ասված է Իսրայելի բանակի հայտարարության մեջ։
Հարվածները հասցվել են ի պատասխան Իսրայելի տարածքի վրա «Անսար Ալլահի» վերջին հարձակումների, որոնք իրականացվել էին բալիստիկ հրթիռներով:
Հարձակման են ենթարկվել էլեկտրակայանները եւ նավահանգիստը, որով հութիները Իրանից մատակարարված զինամթերք ու նավթ են տեղափոխում տարածաշրջան: Al Jazeera հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հարձակումների հետեւանքով հրդեհվել է նավահանգստի տերմինալի նավթի ցիստեռններից մեկը։
«Անսար Ալլահի» բարձրագույն քաղաքական խորհուրդը կիրակի հայտարարել է, որ Իսրայելի հարվածների պատճառով չի դադարեցնի իր «աջակցությունը պաղեստինյան ժողովրդին»։
«Իսրայելի ագրեսիան միայն կավելացնի Եմենի ժողովրդի վճռականությունը իր դիրքորոշուման մեջ հաստատուն մնալու հարցում»,- ասվում է գործադիր մարմնի հայտարարության մեջ:
Եմենի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իսրայելական հարձակման հետեւանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ շուրջ 30-ը:
Շաբաթ օրը «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել էր, որ հրթիռային հարձակման է ենթարկել Իսրայելի Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանը, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ից ժամանել էր այնտեղ: Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանությունը կարողացել է խոցել Եմենից արձակված հրթիռը։