Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման նոր գլխավոր քարտուղար է ընտրվել շեյխ Հաշեմ Սաֆի ալ-Դինը՝ շաբաթ օրը իսրայելական ավիահարվածների հետեւանքով Հասան Նասրալլայի սպանությունից հետո։ Սրա մասին հայտնում է «Al Arabiya» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Շարժումը դեռեւս չի հայտարարել նոր գլխավոր քարտուղարի ընտրվելու մասին։
Reuters-ի հաղորդմամբ՝ Հաշեմ Սաֆի ալ-Դինը նախկին գլխավոր քարտուղար Նասրալլայի զարմիկն է։ Նա «Հըզբոլլահի» հիմնադիրներից է եւ ղեկավարել է գործադիր խորհուրդը, ինչպես նաեւ եղել է «Ջիհադի խորհրդի» անդամ, որը ղեկավարում է խմբավորման ռազմական գործողությունները: ԱՄՆ Պետդեպարտամենտը նրան որպես ահաբեկչի է ճանաչել 2017 թվականին։
«Հըզբոլլահի» նախկին գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան մահացել է սեպտեմբերի 27-ին իսրայելական հարձակման հետեւանքով։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 1992 թվականից։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Նասրալլայի սպանությունը համարել է անհրաժեշտ պայման Մերձավոր Արեւելքում ուժերի հավասարակշռությունը փոխելու եւ Իսրայելի հյուսիսի բնակիչներին իրենց տներ վերադարձնելու համար։