Իտալիայի Բարի քաղաքում սեպտեմբերի 28-ին բացվեց Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը (իրավասությունը՝ Իտալիայի ամբողջ Պուլիայի շրջանում)։ Սրա մասին տեղեկանում ենք Իտալիայում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ հյուպատոսության գրասենյակը Բարի քաղաքի կենտրոնական Corso Vittorio Emanuele 30 հասցեում է՝ Պուլիայի շրջանի քաղաքական եւ մշակութային հաստատությունների գլխավոր շենքերի հարեւանությամբ։
Բացման արարողությունը մեկնարկեց Պետրուցելիի թատրոնի տենոր Ռաֆաելե Պաստորեի՝ Հայաստանի եւ Իտալիայի օրհներգերի կատարմամբ, ինչպես նաեւ Դոն Մարիո Պերսանոյի աղոթքով եւ օրհնությամբ։
Բացման խոսքով հանդես են եկել Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Բարիի պրեֆեկտ Ֆրանչեսկո Ռուսսոն, Բարիի քաղաքապետ Վիտո Լեչեզեն, Իտալիայի վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Պիետրո Կուրցիոն, պատվավոր հյուպատոս Դարիո Ռուբեն Թիմուրյանը։
Բոլոր ելույթներում հիշատակվել է հարյուրավոր տարիներ Պուլիայի տարածքում հաստատված հայ համայնքի մասին, որը «աչքի է ընկել հայ ժողովրդի բարոյական եւ նյութական արժեքներին իր հավատարմությամբ, ինչպես նաեւ այն մեծ կարեւորությունը, որ Բարին ունեցել է ամբողջ հայության համար ի դեմս բանաստեղծ Հրանտ Նազարյանցի»։
Հայաստանի դեսպանն ու Պուլիայի պրեֆեկը նաեւ նշել են, որ Բարիում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը դառնալու է շրջանի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Պուլիայի շրջանի միջեւ գիտական, մշակութային, կրթական, տնտեսական եւ առեւտրային համագործակցության խթանմանն ուղղված նախաձեռնությունների հղման վայրը:
Պատվո հյուպատոսության բացմանը, Պուլիայի հայ համայնքի ներկայացուցիչներից բացի, ներկա էին նաեւ Իտալիայի խորհրդարանի պատգամավորներ Ջանմաուրո Դել Օլիոն, Աննա Ռիտա Տատեոն, Բարի քաղաքի քաղաքային խորհրդի անդամներ, հեղինակավոր մտավորականներ, այդ թվում՝ Բարիի պոլիտեխնիկի ճարտարապետ պրոֆեսոր Ջուլիա Աննա Լինդա Նելիան, Մոնոպոլիի «Նինո Ռոտա» կոնսերվատորիայի դոցենտ, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի նախկին հրավիրյալ պրոֆեսոր Մարկո Միշանյանը, «Նիկոլաոս» հիմնադրամի նախագահ Վիտո Ջորդանոն, Պուլիայի, Բազիլիկատայի եւ Մոլիզեի շրջանների բազմաթիվ պատվո հյուպատոսներ: