Թեհրանն անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի ագրեսիվ գործողություն։ Սրա մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ հավելելով, որ Իրանի իշխանությունները վերահսկում են իրավիճակը տարածաշրջանում շիայական «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանությունից հետո։
«Իրանը շարունակում է ջանքեր գործադրել առաջին փոխնախագահ Մուհամմադ Ռեզա Արեֆի եւ [Լիբանանի վարչապետ Նաջիբ] Միքաթիի զրույցից հետո։ Մենք կապի մեջ ենք Լիբանանի իշխանությունների հետ եւ վերահսկում ենք իրավիճակը։ Իրանը անպատասխան չի թողնի սիոնիստական ռեժիմի [Իսրայելի] ոչ մի ագրեսիվ գործողություն, եւ ռեժիմն անպատիժ չի մնա իր հանցագործությունների համար»,- ասել է Քանանին։
Նա նաեւ նշել է, որ Իրանը շարունակում է հանդես գալ կայուն եւ անվտանգ Մերձավոր Արեւելքի օգտին, բայց դա չի նշանակում, որ Թեհրանը վախենում է պատերազմից։
«Իրանը բազմիցս է փորձել զգուշացնել միջազգային հանրությանը, որ Գազայի դեմ սիոնիստական պատերազմի շարունակությունը […] կարող է հանգեցնել էսկալացիայի եւ մեծացնել տարածաշրջանում պատերազմի հավանականությունը։ Սա չի նշանակում, որ Իրանը վախենում է պատերազմից։ Մենք դա չենք ուզում, մենք փորձում ենք ամրապնդել անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
Նշենք, որ իրադրությունը տարածաշրջանում լարվել է սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված իսրայելական ավիահարվածների հետեւանքով «Հըզբոլլահ» շարժման ղեկավար Հասան Նասրալլայի սպանությունից հետո։