Նորվեգիան կարող է պարիսպ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին, հայտարարել է երկրի արդարադատության նախարար Էմիլի Էնգեր Մեհլը։
NRK լրատվականին տված հարցազրույցում նախարարն ասել է, որ Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ տեսել է սահմանային ցանկապատի մի մասը եւ կարծում է, որ դա լավ գաղափար կարող է լինել նաեւ Նորվեգիայի համար։ Ըստ նրա՝ դա կարեւոր է ոչ միայն որպես զսպող գործոն, այլ նաեւ որպես մի մեխանիզմ, որի սենսորներն ու տեխնոլոգիաները հնարավորություն կտան հայտնաբերելու սահմանին մոտեցող մարդկանց։
Էմիլի Մեհլը նաեւ հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է ամբողջությամբ փակելու Ռուսաստանի հետ սահմանը «որքան հնարավոր է շուտ»։
Նախարարի խոսքերով՝ Նորվեգիայի կառավարությունը քննարկում է մի քանի միջոցներ, որոնք, բացի սահմանին պարիսպ կառուցելուց, ներառում են նաեւ անձնակազմի համալրում, սահմանային հսկողություն եւ լրացուցիչ միջոցառումներ Ռուսաստանի հետ անցակետում։
Ցանկապատը կարող է հայտնվել 198 կիլոմետր երկարություն ունեցող ամբողջ սահմանի երկայնքով կամ միայն դրա մի հատվածում, ասել է Էմիլի Մեհլը։
Դեռ 2016 թվականին Նորվեգիայի իշխանությունները որոշել էին այս հատվածում 200 մետր երկարությամբ եւ 3,5 մետր բարձրությամբ պարիսպ կառուցել՝ Սիրիայից, Աֆղանստանից եւ Իրաքից Ռուսաստանով փախստականների հոսքը կանխելու համար։ Ըստ ծրագրի՝ սահմանային պարիսպը պետք է պատրաստ լիներ 2026 թվականին։
Թե՛ Ռուսաստանը եւ թե՛ Նորվեգիան 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո ամբողջությամբ փակել էին շենգենյան վիզաներով Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը։ Այց թույլատրվել է միայն ուսանողական վիզա ունեցողներին կամ այն անձանց, որոնք այցելում են հարազատներին։