Հոկտեմբերի 13-ին Շիրակի մարզը եւ մարզ այցելած հազարավոր հյուրեր պատրաստվում են պարելու. Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա Ախուրյան համայնքի՝ տարվա ամենամեծ միջոցառումը՝ «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը:
Շուրջպարին կմիանան 12 տարեկանից բարձր 2000-ից ավելի մասնակիցներ: Տոնակատարության ընթացքում բացի գլխավոր՝ «Ախուրյան» պարից՝ տարբեր շուրջպարերով ելույթներ կունենան Հայաստանի ազգային պարարվեստի միության կազմում գործող, ինչպես նաեւ համայնքային պարային խմբեր մարզերից եւ մայրաքաղաքից, ԵՊՀ-ի մշակութաբանության բաժնի պարարվեստի դասախոսներ, ուսանողներ, հանրապետությունում ճանաչված մշակութային գործիչներ, բազմաթիվ հյուրեր: Հին եւ նոր պարերով ելույթ կունենա նաեւ «Ակունք» ազգագրական երգի-պարի պետական համույթը:
Նշենք, որ «Ախուրյան» ավանդական պար ունենալու մտահղացումը Ախուրյանի բնակիչ Մելիք Խաչատրյանինն է. գաղափարն իրականացնելու համար նա դիմել է Հայաստանի ազգային պարարվեստի միության անդամ, «Մարինա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիպարիտ Մարկոսյանին, որն էլ նախաձեռնել եւ իրականացրել է պարի բեմադրությունը: «Այսուհետեւ Ախուրյանը կպարի իր ավանդական պարը, իսկ մենք կհոգանք, որ Ախուրյան խոշորացված համայնքում բոլորը, անկախ տարիքից ու սեռից, սովորեն ու պարեն մեր ավանդական պարը»,- վստահեցնում է Լիպարիտ Մարկոսյանը:
«Ախուրյան շուրջպարը» վերամշակել է Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գեւորգյանը:
Մինչ մեծ միջոցառման մեկնարկը նախաձեռնող խումբը շրջել է Ախուրյան համայնքի երեք տասնյակից ավելի բնակավայրերում, 700-ից ավելի մասնակիցների անվճար ուսուցանել պարը: