Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու նման ադրբեջանցիներն անհամբեր սպասում են նաեւ, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան» վերադառնալուն։
«Ղարաբաղի եւ արեւելյան Զանգեզուրի մեր հայրենակիցները, որոնք մինչ այդ չէին տեսել այդ հողերը, անհամբեր սպասում են իրենց վերադարձի օրվան։ Նրանք անհամբեր սպասում են «Մեծ վերադարձ» ծրագրի իրականացմանը։ Փաստորեն, այս ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։ Ղարաբաղցիները, որոնք երբեք չէին ապրել այդ հողերում, բայց ապրում էին այդ հողերը վերադառնալու երազանքով, այժմ վերադառնում են Ղարաբաղ։ Համոզված եմ, որ նույնը կտեսնենք Արեւմտյան Ադրբեջան վերադառնալու ժամանակ»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
2023 թվականի հուլիսի 20-ին Շուշիում կայացած Գլոբալ Մեդիա համաժողովի ընթացքում Ալիեւը հայտարարել էր, որ Բաքուն Երեւանից հստակ պատասխան է ակնկալում, թե ինչպես կարող են Հայաստանում բնակված ադրբեջանցիները վերադառնալ իրենց կամ իրենց նախնիների տները։
«Երեւանից հստակ պատասխան ենք ակնկալում, թե ինչպես կարող են Հայաստանի ներկա տարածքից՝ Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողեր՝ այցելել այդ տարածքներ կամ բնակություն հաստատել այնտեղ»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը: