ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմաիլ Հանիյեի սպանությանը Իրանի չպատասխանելու դիմաց զինադադար հաստատելու մասին ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների հավաստիացումները կեղծ էին։ Սրա մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որի խոսքերը մեջբերում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։
«ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների հավաստիացումները, որ հրադադարի համաձայնություն ձեռք կբերվի, եթե Իրանը խուսափի նահատակ Հանիյեի սպանությանը պատասխանելուց, կեղծ էին։ Նման հանցագործներին հնարավորություն տալը խրախուսում է նրանց ավելի շատ հանցագործություններ կատարել»,- ասել է Փեզեշքիանը։
Իրանի նախագահը հաջորդիվ հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները չպետք է անպատասխան մնան, քանի որ այս անգամ էլ «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլային սպանելով՝ «Իսրայելը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ չի հետեւում որեւէ միջազգային նորմի»։
«Դիմադրության մարտիկներին չի կարելի լքել։ Իսրայելական կազմավորումը շարունակում է իր հանցագործությունները եւ մեկը մյուսի հետեւից հարձակվում է դիմադրության առանցքի երկրների վրա։ Արաբական եւ իսլամական երկրները մեծ պատասխանատվություն են կրում այս ողբերգության համար, ուստի նրանք չպետք է կողքի կանգնեն եւ հետեւեն Իսրայելի հանցագործություններին, որոնք վտանգում են տարածաշրջանի անվտանգությունը»,- ասել է Փեզեշքիանը։
Սեպտեմբերի 28-ին Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարեց Բեյրութի հարավային արվարձաններին հասցված ավիահարվածի ժամանակ Նասրալլայի սպանության մասին։ Կարճ ժամանակ անց «Հըզբոլլահը» պաշտոնապես հաստատեց այդ տեղեկությունը՝ խոստանալով շարունակել Իսրայելի դեմ պայքարը։