Ուկրաինացիները կծանոթանան նախագահ Վլադիմիր Զելենսկու պատրաստած «Հաղթանակի ծրագրին», սակայն դրա որոշ դրույթներ գաղտնի կլինեն։ Սրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Այն ամենը, ինչ դառնում է հրապարակային, լսվում է ոչ միայն մեր երկրի ներսում, այլեւ թշնամու կողմից։ Եվ այդ պատճառով, իհարկե, այս ծրագրի որոշ մանրամասներ փակ են։ Բայց գիտեք, կարեւոր է տեսնել այս ծրագրի իրականացումը թշնամու տարածքում եւ մեր զինվորականների ցուցաբերած արդյունքների, հաղթանակների մեջ»,- ասել է Երմակը։
Մեկնաբանելով իր այցը Միացյալ Նահանգներ, որտեղ նախագահ Զելենսկին, ըստ տեղեկությունների, ներկայացրել է «Հաղթանակի ծրագիրը» ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին եւ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսին ու Դոնալդ Թրամփին՝ Երմակն ասել է. «Մենք վերադարձանք Ուկրաինա այն զգացումով, որ մեր գործընկերների աջակցությունը մեր երկրին շատ բարձր մակարդակի վրա է»։
Ուկրաինայի իշխանություններն ավելի վաղ խոստացել էին հրապարակել «Հաղթանակի ծրագիրը» իրենց արեւմտյան դաշնակիցներին ծանոթացնելուց հետո։
Բրիտանական The Times պարբերականը Զելենսկու ԱՄՆ այցի օրերին գրել էր, որ Բայդենին ներկայացվող ծրագիրը հիմնականում բաղկացած է չորս կետից.
- Արեւմուտքից անվտանգության երաշխիքների հայցում, որը նույն տեսքը կունենա, ինչ ՆԱՏՕ-ին անդամակցության դեպքում փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը։
- Ռուսաստանի Կուրսկի մարզ ներխուժման շարունակականություն՝ որպես բանակցային գործընթացում դիրքերի ամրապնդման գրավական։
- Ժամանակակից «հատուկ» զինատեսակների տրամադրման հայցում։
- Ուկրաինայի ավերված տնտեսության վերականգնման համար ֆինանսական օգնության տրամադրում։
Անձամբ Զելենսկին NBC News-ին տված հարցազրույցում նշել էր, որ Կիեւի «Հաղթանակի ծրագիրը» բաղկացած է հինգ կետից։ «Չորսն այն կետերն են, որոնք անհրաժեշտ են հիմա, իսկ մեկը՝ պատերազմից հետո»,- ասել էր Ուկրաինայի նախագահը։