Կասկածից վեր է, որ Ադրբեջանը նոյեմբերին սպասվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսը (կամ ինչպես առավել հայտնի է COP 29-ը) օգտագործելու է Հայաստանի հետ հակամարտության շուրջ սեփական տեսակետները համաշխարհային հանրությանը հրամցնելու եւ նախագահ Ալիեւի ռեժիմի շուրջ դրական պատկեր ստեղծելու համար։
Վերոգրյալը հաստատող մի քանի փաստեր արդեն առկա են, որոնցից մեկը Կոնֆերանսի օրերին, այսպես կոչված, «համաշխարհային զինադադարի» կոչի մասին Բաքվից հնչող հայտարարություններն են։ Եվ սա այն պարագայում, երբ Հայաստանի հետ խաղաղություն ստորագրելու համար խոչընդոտներ փնտրում է հենց Բաքուն եւ չի արձագանքում հայ-ադրբեջանական սահմանին հրադադարը վերահսկող մարմին ստեղծելու Երեւանի առաջարկներին։
Ավելին՝ հենց համաշխարհային նշանակության այս կարեւոր միջոցառմանն ընդառաջ Ադրբեջանում ձերբակալվել ու հետապնդումների են եթարկվել բազմաթիվ իրավապաշտպաններ եւ լրագրողներ։
Բաքվի հռետորաբանության եւ գործողությունների հակադրության մասին է բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականի համար գրել Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը։
AliQ Media Armenia-ն ստորեւ ներկայացնում է հոդվածի ամբողջական թարգմանությունը։
Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները նկարագրելու համար օգտագործվող լեզվի շուրջ բրիտանական մամուլում այս ամիս ծագած աղմուկը առաջացել է հուզական պահի. արդեն մեկ տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչությունը բռնի տեղահանվել է ադրբեջանական ուժերի կողմից։
Այնուամենայնիվ, Ադրբեջանը շարունակում է դիմակայել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը` նպաստելով այն ընկալմանը, թե «ուժեղը ճիշտ է»: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդար եւ կայուն խաղաղություն ապահովելու համար Արեւմուտքի ճնշումը հրատապ անհրաժեշտություն է, իսկ ներկա պահն այդ նպատակին հասնելու հազվագյուտ հնարավորություն է տալիս։
Թերթերը մեզ հաղորդում են, որ Ադրբեջանը նախատեսում է նոյեմբերին կայանալիք COP 29-ի անցկացումը օգտագործել, որպեսզի կոչ անի «համաշխարհային զինադադար» հաստատելու բոլոր զինված հակամարտություններում: Թեև այս մտադրությունը գովելի է, սակայն այն որոշակի հեգնանք ունի իր մեջ: Ադրբեջանն ինքը կարող էր ցույց տալ խաղաղությանն ուղղված իր հավատարմությունը՝ ստորագրելով Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը, որն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել ստորագրելու կողմերի միջեւ համաձայնագրի համաձայնեցված մասերը առանց արհեստական նախապայմանների կամ պահանջների։
Մեր նպատակը պարզապես խաղաղությունն է հավասար, ինքնիշխան ազգային պետությունների միջեւ: Խոսքը միայն ռազմական գործողությունների դադարեցման մասին չէ. խոսքը մեր ընդհանուր պատմության եւ մեր տարածաշրջանի պատմության այս էջը շրջելու մասին է:
Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը մեր տարածաշրջանը դիտարկում է որպես տնտեսապես եւ քաղաքականապես փոխկապակցված ու բարգավաճ, որտեղ համագործակցությունն ու համակեցությունը փոխարինում են հակամարտություններին եւ պառակտմանը։ Որպեսզի այս տեսլականն իրականություն դառնա, Ադրբեջանը պետք է հրաժարվի ձգձգվող մարտավարությունից եւ անհիմն այնպիսի պահանջներից, ինչպիսիք են Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու պահանջները։
Խաղաղությունը չի կարող պարտադրվել. այն պետք է փոխհամաձայնեցվի, եւ երկու կողմերը պատրաստ լինեն մոտենալու միմյանց որպես հավասարի:
Այս տարի Բաքվում անցկացվող COP 29-ը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված կարեւոր համաձայնության արդյունք է, որը լավատեսության հազվագյուտ պահ է մեր անհանգիստ տարածաշրջանի համար: Հայաստանը համաձայնել է հանել իր վետոն եւ աջակցել [COP 29-ի անցկացման համար ներկայացրած] Ադրբեջանի հայտին՝ որպես վստահության ամրապնդման միջոցի, Բաքվում ապօրինաբար պահվող երեսուներկու հայ ռազմագերիներին վերադարձնելու Ադրբեջանի պարտավորության դիմաց։
Այս համաձայնությունը համարվում էր հույսի փարոս, որ խաղաղությունը կարող է վերջապես հասանելի լինել: Սակայն այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը սանձազերծել է Հայաստանի նկատմամբ սպառնալիքների ու անհիմն պահանջների տարափ՝ խարխլելով այդ հուսադրող համաձայնության փխրուն հիմքը։
Այժմ, երբ գլոբալ ուշադրությունը կենտրոնացած է Բաքվի վրա՝ COP 29-ին ընդառաջ, Ադրբեջանը պատմական հնարավորություն ունի գործնականում կյանքի կոչելու խաղաղությանն ուղղված իր հայտարարած հանձնառությունը: Հայաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերն այդ նպատակին հասնելու համար։ Այն առաջարկել է վստահության ամրապնդման միջոցներ՝ ներառյալ հրադադարի խախտումների մշտադիտարկման եւ հետաքննության համատեղ մեխանիզմի ստեղծումը: Մինչ այժմ այս առաջարկները լռությամբ են ընդունվել Ադրբեջանի կողմից, որը շարունակում է առանց ապացույցների մեղադրել Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտման համար։
Ավելին՝ Ադրբեջանը քննադատում է Հայաստանին ինքնապաշտպանության նպատակով զենք ձեռք բերելու համար։ Չնայած որ սրա հետ մեկտեղ այն առավել հաճախ է զենքեր մատակարարում: Ի պատասխան՝ Հայաստանն առաջարկել է ստեղծել սպառազինությունների վերահսկման մեխանիզմ, որն Ադրբեջանն արագորեն մերժել է:
Առավել մտահոգիչ է Ադրբեջանի ընդդիմանալը Հայաստանում ԵՄ անզեն դիտորդական առաքելությանը, որի միակ նպատակը տարածաշրջանում կայունության եւ հաշվետվողականության խթանումն է։ Թեեւ Ադրբեջանը լիովին իրավունք ունի հրաժարվելու իր տարածքում առաքելության ներկայությունից, սակայն նրա այն պնդումը, թե առաքելությունը պետք է դուրս բերվի Հայաստանից, լավագույն դեպքում անհիմն է, իսկ վատագույն պարագայում՝ միջազգային վկաներին հեռացնելու փորձ՝ պատրաստվելու մեկ այլ հարձակման:
Տարածաշրջանում խաղաղությունը չի կարող լինել միայն Հայաստանի պատասխանատվությունը։ Ադրբեջանը պետք է միջազգային հանրությանը ցույց տա, որ իրապես հավատարիմ է խաղաղությանը։
Միեւնույն ժամանակ միջազգային հանրությունը COP 29-ից առաջ պետք է գնահատի Ադրբեջանի գործողությունների հակադրությունը իր հռետորաբանությանը: Խոսքերը կարեւոր են։ Իրական խաղաղության հասնելը պահանջում է անսասան պարտավորություն, բայց նաեւ պատասխանատվություն եւ հավատարմություն միջազգային իրավունքին: Բաքուն պետք է որոշի՝ օգտվե՞լ առաջընթացի այս հնարավորությունից, թե՞ շարունակել այն ճանապարհը, որն անպայմանորեն տանելու է հետագա հակամարտության:
Վարուժան Ներիսյան
Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան