Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է Լիբանանի տարածքում սահմանափակ ցամաքային գործողություններ սկսելու մասին։
«Քաղաքական էշելոնի որոշման համաձայն՝ ժամեր առաջ Իսրայելի պաշտպանության բանակը սահմանափակ, տեղայնացված եւ թիրախավորված ցամաքային գործողություններ է սկսել՝ հիմնվելով հարավային Լիբանանում «Հըզբոլլահի» ահաբեկչական թիրախների եւ ենթակառուցվածքների դեմ ճշգրիտ հետախուզության տվյալների վրա: Տվյալ թիրախները գտնվում են սահմանամերձ գյուղերում եւ անմիջական վտանգ են ներկայացնում Իսրայելի հյուսիսում գտնվող իսրայելական համայնքների համար»,- ասվում է բանակի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը եւ բանակի հրետանին գործողությունների ընթացքում կրակային աջակցություն են ցուցաբերում ցամաքային ուժերին։
Բանակի հրապարակած հաղորդագրության մեջ նաեւ հայտարարվում է, որ «Հըզբոլլահի» դեմ «Հյուսիսային նետեր» գործողությունը կշարունակվի ըստ իրավիճակի գնահատման եւ Գազայում ու այլ շրջաններում ընթացող մարտական գործողություններին զուգահեռ»։
Վաշինգտոնն արդեն իր աջակցությունն է հայտնել իսրայելական կողմի գործողություններին։
Պենտագոնի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ գիշերն ունեցած հեռախոսազրույցում հաստատել է «սահմանի երկայնքով հարձակողական ենթակառուցվածքը ոչնչացնելու անհրաժեշտությունը»՝ «Հըզբոլլահին» Իսրայելի հյուսիսում հարձակում իրականացնելու հնարավորությունից զրկելու համար։ Միեւնույն ժամանակ, Օսթինն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է «պաշտպանել իր զինվորականներին, գործընկերներին եւ դաշնակիցներին» Իրանի կամ նրա կողմից աջակցվող ուժերի ենթադրյալ հարձակման դեպքում եւ մտադիր է թույլ չտալ այս կամ այն կողմին «օգտվել լարվածությունից՝ հակամարտությունն ընդլայնելու համար»։