Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը խոսել է մի շարք վիճահարույց հարցերի, այդ թվում «Զանգեզուրի միջանցքի» շուրջ աշխատանքներ տանելու անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ տարածաշրջանում սահմանների փոփոխությաններն անընդունելի են Իրանի համար։
«Մենք ընդգծում ենք բոլոր ոլորտներում տարածաշրջանային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, որը մեր բարեկամն է։ Եվ նույնիսկ այնպիսի վիճահարույց թեմաների շուրջ, ինչպիսիք են, օրինակ, Պարսից ծոցի իրանական կղզիները, Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը, մենք պետք է աշխատենք ռուս ընկերների հետ։ Մենք շեշտում ենք, որ սահմանների ցանկացած փոփոխություն կբերի անկայունության եւ ճանապարհ կհարթի ոչ տարածաշրջանային տերությունների չարաշահումների համար»,- ասել է Արեֆը։
Միշուստինն էլ իր հերթին հայտարարել է, որ Մոսկվան լոգիստիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքները համարում է ամենահեռանկարային ոլորտը՝ ընդգծելով, որ Ռուսաստանն ու Իրանը տարանցիկ մեծ ներուժ ունեն ինչպես Կասպյան տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ Եվրասիայում։
«Մենք ակտիվորեն զարգացնում ենք միջազգային միջանցքները։ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը կապում է Բալթյան եւ հյուսիսային ծովերի ռուսական նավահանգիստները Պարսից ծոցի եւ Հնդկական օվկիանոսի ափերի իրանական նավահանգիստների հետ։ Եվ եվրասիական բոլոր պետությունների համար ապահովում է ուղիղ մուտք դեպի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի եւ Աֆրիկայի արագ զարգացող շուկաներ»,- ասել է ՌԴ վարչապետը։
Միշուստինը Թեհրան էր ժամանել նախօրեին եւ բացի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆից՝ հանդիպել էր նաեւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
«Իրան-Ռուսաստան գործընկերությունը ոչ միայն ծառայում է երկու ժողովուրդների շահերին, այլեւ կնպաստի տարածաշրջանի կայուն զարգացմանը, տնտեսական աճին եւ ինտեգրմանը»,- ասել է Իրանի նախագահը ՌԴ վարչապետի հետ հանդիպմանը։