Ճապոնիայի խորհրդարանը կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրել է իշխող «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սիգերու Իշիբային։
Խորհրդարանի հաստատումից հետո Իշիբային վարչապետի պաշտոնում դեռ պետք է հաստատի նաեւ կայսր Նարուհիտոն։ Այս ընթացակարգից հետո նա կդառնա Ճապոնիայի 102-րդ վարչապետը։
Ինչպես նշում է Reuters-ը, Իշիբան նախկինում չորս անգամ պարտվել է կուսակցության ղեկավարի եւ, համապատասխանաբար, վարչապետի պաշտոնի համար տարած պայքարում։ Այս տարի արդեն հինգերորդ անգամ առաջադրվելիս Իշիբան հայտարարել էր, որ սա վերջին փորձն է։
Նախորդ ամիս, երբ Իշիբան հաղթեց ներկուսակցական ընտրություններում, վարչապետի պաշտոնում նրա նշանակումը ստացել է ֆորմալ բնույթ, քանի որ «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցությունը վերահսկում է ճապոնական խորհրդարանի երկու պալատները:
67-ամյա Իշիբան նախկինում զբաղեցրել է Ճապոնիայի պաշտպանության եւ գյուղատնտեսության նախարարի պաշտոնները:
Վարչապետի պաշտոնում Սիգերու Իշիբան կփոխարինի Ֆումիո Կիսիդային, որը օգոստոսին հայտարարեց, որ չի առաջադրվելու երկրորդ ժամկետի համար: Կիսիդայի այս հայտարարությունը հետեւել էր իշխող «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցության միջոցների ծախսման առնչությամբ սկանդալին: