Հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
Նախորդ շաբաթ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել էր, որ ստորագրահավաք են սկսել՝ նախարար Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկելու համար:
«Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրի իմ հրաժարականի դիմումը: Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ»,- գրել է Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նախարարը, շնորհակալություն հայտնելով պատգամավորներին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրեն վստահված պաշտոնի համար, նշում է, որ Կառավարության ծրագիրը արդարադատության նախարարության մասով «հաստատ գերակատարված է միջոցառումների քանակի եւ որակի առումով»։
«Մարդիկ արդարադատության նախարարներից միշտ սպասել են արդարության արագ եւ անմիջական վերականգնում: Դա նախարարի գործառույթ չէ: Դա վերապահված է իրավապահներին ու դատարաններին: Մենք քաղաքականություն մշակողն ենք եւ ինստիտուցիոնալ համակարգը բարելավողը: Երկու ուղղությամբ էլ շատ բան է արվել արդեն: Պտուղները կլինեն շուտով, բայց արդեն հաջորդ նախարարների օրոք,- գրել է Մինասյանը եւ հավելել,- կարելի էր ավելի համբերատար լինել, մնալ եւ պայքարել այս ամենի համար եւ շարունակել հանգիստ ներկայացնել կատարված հսկայածավալ աշխատանքը, բայց ես որոշեցի վերադառնալ ինձ ավելի հարազատ միջավայր»։