Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն Բրյուսելում կայացած արարողության ժամանակ ստանձնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունները իր նախորդ Յանս Ստոլտենբերգից՝ այդպիսով դառնալով Հյուսիսատլանտյան դաշինքի 14-րդ գլխավոր քարտուղարը։
Իր ելույթում Ռյուտեն խոստացել է, որ Ուկրաինային օգնությունը մնալու է ՆԱՏՕ-ի առաջնահերթությունը։
«Մենք պետք է ապահովենք, որ Ուկրաինան հանդես կգա որպես ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական ազգ»,- ասել է Ռյուտեն:
Մյուս առաջնահերթությունները, ըստ նրա, կլինեն դաշինքի զսպման ու պաշտպանության քաղաքական ուղղությունները, որոնց համար նախատեսնված ծախսերը, ըստ նոր գլխավոր քարտուղարի, պետք է ավելացվեն։
«Մենք պետք է ավելի շատ ծախսենք։ Մենք պետք է ուժեղացնենք մեր հավաքական պաշտպանությունը»,- ընդգծել է Ռյուտեն։
Ռյուտեն խոստացել է, որ կշարունակի Ստոլտենբերգի կուրսը եւ կզարգացնի ՆԱՏՕ-ի դաշինքները գործընկերների հետ ամբողջ աշխարհում։
«Մեկ բան հաստատ չի փոխվելու։ Դա ՆԱՏՕ-ի առանցքային առաքելությունն է․ մենք պաշտպանում ենք մեր ժողովուրդներին, մեր պետություններին եւ, իհարկե, մեր արժեքները»,- Ռյուտեի խոսքերը մեջբերում է «Европейская правда»-ն։