Երեւանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական ֆորումը։
Ֆորումին մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաեւ որպես հրավիրյալ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին եւ ԵԱՏՄ-ում դիտորդ Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովը:
Բարձրաստիճան հյուրերին նախ դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա համատեղ տեսալուսանկարահանվել նրանց հետ։
Փաշինյանն իր ելույթում ողջունել է Կառավարությունների ղեկավարներին, ֆորումի մասնակիցներին եւ նշել, որ քննարկումները նվիրված են լինելու անձանց, կապիտալի, ծառայությունների եւ ապրանքների տեղաշարժի ազատությունների արդյունավետ գործունեությանը, ինչպես նաեւ թվային միջավայրի եւ թվային ենթակառուցվածքների զարգացմանը։
«Թվային հասարակություն եւ զարգացած տնտեսություն կառուցելու համար մենք նախ որոշում ընդունեցինք մեր թվային ճարտարապետությունը խարսխել երկու կարեւոր սկզբունքների վրա՝ վստահություն եւ անվտանգություն: Թվային գործընթացները պետք է լինեն գործնական, արդիական եւ օգտակար մարդկանց եւ բիզնեսի համար: Եթե սա տեղի չի ունենում, ուրեմն սա թվայնացում չէ, այլ թվայնացման իմիտացիա, ինչն անիմաստ է։ Գործնականում խոսքը պետք է գնա հանրային ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխման մասին։ Այս համատեքստում կընդգծեմ անհրաժեշտությունը ոչ միայն առանձին խնդիրների թվայնացման, այլ նաեւ այնպիսի ծառայությունների ստեղծման, որոնք կբավարարեն մեր քաղաքացիների եւ բիզնեսի կենսական կարիքները եւ կապահովեն արագ արձագանքում նրանց կյանքի կարեւոր իրադարձություններին»,- ասել է վարչապետ Փաշինյանն իր ելույթում։
Ըստ ՀՀ վարչապետի՝ այս գործընթացների հաջող թվայնացումը պահանջում է վստահելի, ամբողջական եւ մատչելի տվյալներ՝ պետական ծառայություններն ամբողջությամբ թափանցիկ դարձնելու համար, ինչը թույլ կտա պարզեցնել քաղաքացիների եւ բիզնեսի փոխգործակցությունը պետական մարմինների հետ՝ դարձնելով այն ավելի հարմար, արդյունավետ եւ անվտանգ:
«Տվյալների վստահելի պահպանումը թույլ է տալիս տարբեր պետական գերատեսչություններին ապավինել միմյանց տեղեկատվությանը՝ առանց դրանցով փոխանակվելու կամ դրանք կրկնօրինակելու անհրաժեշտության: Սա թույլ կտա փոխարինել փաստաթղթերի փոխանակումը եւ ապահովել կարեւոր իրավական տվյալների հասանելիություն՝ միաժամանակ պահպանելով տվյալների հավաքման, պահպանման եւ մշակման անվտանգության եւ ազգային կանոնակարգերը»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքերով՝ նման տվյալները հասանելի կլինեն միայն միջսահմանային ձեւաչափով՝ հարցման առկայության դեպքում:
«Բիզնեսի համար այս գործընթացը կարող է բարելավել անդրսահմանային առեւտրի եւ անուղղակի հարկերի վճարման եղանակը: Եկե՛ք պատկերացնենք մի իրավիճակ, երբ մի պետության տարածքից մեկնելու պահից ապրանքների խմբաքանակի տեղաշարժի վերաբերյալ թվային տվյալների ամբողջությունը հասանելի եւ հետագծելի է դառնում մեկ այլ պետության լիազորված մարմինների համար 24/7 ռեժիմով, նույնիսկ մինչեւ դրա նշանակման վայր հասնելը»,- ասել է Փաշինյանը: