ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ի թույլտվության կարիքը չունի Ռուսաստանի տարածքի խորքում տեղակայված թիրախներին պատասխան հարվածներ հասցնելու համար՝ նշելով, որ այդ նպատակներն իրականացնելու համար Կիեւը կարող է օգտագործել այն զենքերը, որոնք Ուկրաինան է արտադրում։
Միլլերն ընդգծել է, որ նման զինատեսակները շատ են, «եթե դիտարկենք այն ծրագրերը, որոնք նրանք (Ուկրաինան) իրականացրել է վերջին մեկ տարվա ընթացքում»։
«Իսկ եթե դիտարկենք այն զինատեսակները, որոնք մենք տրամադրել ենք նրանց, ապա մենք հստակ հասկացրել ենք, որ կարող են դրանք օգտագործել սահմանից այն կողմ պատասխան հարված հասցնելու համար հարձակվող ռուսական թիրախներին»,- ասել է Միլլերը։
Ըստ պետքարտուղարության խոսնակի՝ Ուկրաինան իրեն պաշտպանելու հսկայական միջոցներ ունի, եւ արեւմտյան զինատեսակներով հարվածները Ռուսաստանի տարածքի խորքում «միակ կախարդական հնարավորությունները չեն, որը կփոխի հակամարտության ընթացքը»: Ավելի վաղ նույն բանի մասին էր խոսել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
«Մենք համակողմանիորեն դիտարկում ենք բոլոր հնարավորությունները, մարտավարությունը եւ աջակցությունը, որը տրամադրում ենք Ուկրաինային ,եւ ուսումնասիրում ենք, թե ինչպես դա կազդի ամբողջ մարտադաշտի եւ Ուկրաինայի ամբողջ ռազմավարության վրա։ Եվ դա այն է, ինչ մենք շարունակելու ենք անել»,- ասել է Միլլերը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս է կոչ արել արեւմտյան երկրներին վերացնել Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները։ Այս հարցը քննարկվել է նաեւ նախորդ շաբաթ Զելենսկու ԱՄՆ կատարած այցի ժամանակ։
Մինչ այժմ Կիեւը նման հարվածների թույլտվություն չի ստացել։