«Խաղաղության խաչմերուկ» նախագծի նպատակն է երկրների ինքնիշխանության եւ իրավասության լիակատար հարգանքի հիման վրա պետությունների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ձեւավորելը։ Սրա մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բեռների փոխադրման ժամկետների կրճատման, Ասիայի եւ Եվրոպայի, Հյուսիսի եւ Հարավի միջեւ այլընտրանքային տրանսպորտային նոր հաղորդակցությունների որոնման տեսանկյունից ցանկանում եմ եւս մեկ անգամ շեշտը դնել Հայաստանի Հանրապետության Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վրա: Նախագծի նպատակն է բոլոր շահագրգիռ պետությունների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ձեւավորումը, ինչպես նաեւ տարածաշրջանի լոգիստիկ ներուժի զգալի ավելացումը երկրների ինքնիշխանության եւ իրավասության լիակատար հարգանքի, իրավահավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- հայտարարել է վարչապետը։
Նա հաջորդիվ նշել է, որ Հայաստանը պատրաստ է լիովին ապահովելու իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց անցման անվտանգությունը։
Փաշինյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը որեւէ տեղ եւ երբեւիցե չի համաձայնել իր ինքնիշխանության որեւէ սահմանափակմամբ վերաբացել տարածաշրջանային կոմունիկացիաները։ Վարչապետը նշել է՝ բոլոր նման պնդումները իրականության ակնհայտ խեղաթյուրում են։