Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան, որտեղ Հայաստանն առաջին անգամ ԱԳ նախարարի մակարդակով մասնակցում է Վարշավայի անվտանգության ֆորումին։ Սրա մասին ասվում է ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։
Ֆորումի նախագահ Կատաժինա Պիսարսկայայի կողմից պաշտոնական դիմավորումից հետո Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնեւ Պիսարսկիի հետ։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Վարշավայի անվտանգության եւ սեպտեմբերին Երեւանում անցկացված «Երեւանյան երկխոսություն» միջազգային ֆորումների միջեւ հնարավոր համագործակցության շուրջ։ Անդրադարձ է կատարվել ԵՄ-ի հետ ՀՀ գործընկերության խորացմանն ուղղված ջանքերին եւ այդ ուղղությամբ մասնավորապես Լեհաստանի գործընկերների հետ համագործակցության հարցերի։