Տասնչորս տարի է` «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հոկտեմբերի 1-ը հռչակել է Ընտանեկան բռնության դեմ պայքարի օր։
Այդ կապակցությամբ այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «Կնասպանության դեպքեր. ընտանեկան բռնության իրավիճակը, բացերն ու անելիքները» թեմայով:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի նախագահ, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նաիրուհի Սաֆարյանը պատմեց. «2010 թվականին ամուսնու դաժան ծեծի հետեւանքով մահացավ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը։ Կոալիցիան հենց այս օրն ընտրեց որպես ընդդեմ կանանց նկատմամբ բռնության եւ կնասպանության դեմ պայքարի օր»։
«Ամեն տարի այս օրը անդրադառնում ենք ընտանեկան բտնության հիմնահարցին։ Հիշում ենք այն կանանց, որոնց կյանքն ընդհատվել է միայն իրենց կին լինելու պատճառով։ Մենք պիտի մեկտեղենք մեր ջանքերը, որպեսզի օրենսդրական դաշտում եւ իրավակիրառ պրակտիկայում լինեն բարեփոխումներ, որոնց շնորհիվ կկարողանանք հասնել կանանց եւ աղջիկների հիմնարար իրավունքների իրացմանը»,- նշեց Նաիրուհի Սաֆարյանը։
2023 թվականին ընտանեկան բռնության աջակցության կենտրոնների կոալիցիան աջակցել է 1769 շահառուի, բոլորը՝ ընտանեկան բռնությունից տուժած կանայք ու աղջիկներ։ Աջակցման կենտրոնները մատուցում են հոգեբանական, սոցիալական, իրավական աջակցություն։
«Մեր եւ ոստիկանության ներկայացրած վիճակագրական տվյալները տարբեր են, քանի որ այս մարմինը վիճակագրություն է վարում՝ հիմնված նախազգուշացումների եւ պաշտոնական որոշումների վրա։ Կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունների վերաբերյալ ոստիկանության ամփոփագրերի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս՝ 2024 թվականի առաջին հինգ ամսվա ընթացքում տրվել է 215 նախազգուշացում, 465 անհետաձգելի միջամտություն է կատարվել»,- մանրամասնեց ընտանեկան բռնության աջակցության կենտրոնների կոալիցիայի համակարգող Նարե Հայրապետյանը։
Կան կանայք, որոնք պարբերաբար բռնության են ենթարկվում, բայց չեն դիմում ոստիկանությանը, երբեմն դիմում են կանանց իրավունքներով զբաղվող աջակցման կենտրոններ, ուստի ոստիկանության եւ աջակցման կենտրոնների վիճակագրական տվյալները տարբեր են։ Այսուամենայնիվ, Նարե Հայրապետյանը վստահեցրեց՝ վերջին տարիներին աջակցման կենտրոնների եւ ոստիկանության համագործակցությունն ակտիվացել է։
Նա նշեց. «Նաեւ օրենքի պահանջ կա․ ոստիկանությունը նախազգուշացման կամ անհետաձգելի որոշման դեպքում համապատասխան փաստաթղթերի պատճենները պետք է ուղարկի տվյալ մարզի աջակցման կենտրոն, որը պետք է ուղղորդի շահառուին»։
Վերջին տարիներին ընտանեկան բռնության արձանագրված դեպքերի թիվն ավելացել է։ Ըստ բանախոսների՝ իրականում ոչ թե դեպքերի թիվն է աճել, այլ կանանց իրավագիտակցությունն է բարձրացել, նրանք հիմա ավելի շատ են դիմում իրավապահ մարմիններին։
Վերջին երկու տարվա ընթացքում կանանց նկատմամբ բռնության դեպքերով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» նաեւ դատարաններում է մշտադիտարկումներ անցկացնում։ Կոալիցիայի մասնագետները նկատել են՝ դատական գործերը երկար են քննվում, բռնության ենթարկված կինը առերեսվում է բռնարարի հետ (որն առավել հաճախ ամուսինն է), ինչի հետեւանքով կրկնակի զոհականացման ռիսկ է առաջանում։
Ընտանեկան բռնությունը սերտորեն կապված է կնասպանության ռիսկի հետ։ Հայաստանում կնասպանության զոհ դառնալու ռիսկն աճում է 35 տարեկանից բարձր կանանց շրջանում։ Կան կանանց է՛լ ավելի ռիսկային խմբեր։ Նաիրուհի Սաֆարյանը նշեց. «Օրինակ՝ ՄԻԱՎ ունեցող կանայք խտրականության են ենթարկվում կյանքի բոլոր ոլորտներում, երբ հայտնի է դառնում նրանց ՄԻԱՎ կարգավիճակն ընտանիքում կամ սոցիալական, առողջապահական ծառայություններ ստանալիս»։
ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող կանայք հաճախ են ընտանիքում բռնության ու շանտաժի ենթարկվում։ Նրանցից ոմանք նույնիսկ չեն կարողանում հերթական բուժզննում անցնել, ստանալ կենսական անհրաժեշտություն ունեցող դեղամիջոցները, քանի որ ընտանիքի անդամները չեն թույլատրում։
«Ընտանիքի անդամներն ու բժիշկները կարող են ուղղորդել կամ ստիպել ՄԻԱՎ ունեցող կնոջը չհղիանալ կամ ընդհատել հղիությունը։ ՄԻԱՎ ունեցող կանայք սովորաբար դիմում են ՀԿ-ներին, քանի որ անձնական տվյալների գաղտնիության տեսանկյունից իրենց ավելի պաշտպանված են զգում։ Այս կանայք կարող են խտրականության ենթարկվել նաեւ ոստիկանությունում։ Փոքր համայնքներում ապրողներն էլ վախենում են ոստիկանություն դիմելուց, քանի որ մտածում են՝ այդ համակարգում իրենց ծանոթ աշխատողներ կլինեն, եւ պետք չէ, որ նրանք իմանան իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին»,- ասում է Նաիրուհի Սաֆարյանը։
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանն էլ նշեց՝ հաշմանդամություն ունեցող կանայք եւս ռիսկի խմբում են․ նրանք հաճախ են խտրականության եւ բռնության ենթարկվում։ Այդ կանայք ծառայություններից օգտվելու հասանելիության խնդիր ունեն։ Հատկապես դժվարություններ են ունենում մտավոր, հոգեկան առողջության, լսողության, տեսողության խնդիրներ ունեցող կանայք, քանի որ կապի միջոցներից օգտվելու հնարավորություն չեն ունենում։
«Աջակցման կենտրոններում, ապաստարաններում չկան ժեստերի լեզվով հաղորդակցվող մասնագետներ, ուստի նրանք կրկնակի խոցելի են դառնում․ այս կանայք հասկացված լինելու կարիք ունեն։ Շատ դեպքերում նրանք տեղեկացված չեն, չգիտեն՝ ուր կամ ինչպես կարելի է դիմել»,- ասաց Գայանե Գրիգորյանը։
Հաշմանդամություն ունեցող կանանց ինքնասպանության դեպքերը սերտորեն կապված են բռնության ենթարկվելու հետ։ Հաճախ բռնության ենթարկված կինը ամաչում է որեւէ իրավապահ մարմնի կամ կենտրոն դիմելուց։ Մտավոր խնդիրներ ունեցող կանայք առավել հաճախ են սեռական բռնության ենթարկվում ամբողջ աշխարհում։ Նրանք նաեւ հոգեբանական ու տնտեսական բռնության են ենթարկվում՝ երբեմն չգիտակցելով, որ իրենց հասանելիք սոցիալական աջակցությունն իրե՛նցն է, ոչ թե ընտանիքի անդամներից մեկինը։ Երբեմն ընտանիքի անդամները տնտեսական բռնության են ենթարկում հաշմանդամություն ունեցողին՝ վերցնելով նրան հասանելիք նպաստը։ Հաշմանդամություն ունեցող կանայք կախված են իրենց ընտանիքի անդամներից, եւ դա նրանց խոցելի է դարձնում։
Նաիրուհի Սաֆարյանը նշեց՝ իրավակիրառ համակարգի բոլոր դերակատարները, այդ թվում՝ դատավորները, քննիչները, դատախազները. պետք է վերապատրաստում անցնեն բռնության ենթարկվածների նկատմամբ զգայունության վերաբերյալ եւ ավելի զոհակենտրոն մոտեցում ցուցաբերեն։ Իսկ խոցելի խմբերում հայտնված կանանց համար արդարադատությունը պետք է հասանելի լինի, որպեսզի նրանք կարողանան դիմել համապատասխան մարմիններին։
««Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ընդունումն ու հաստատումը եւս անհրաժեշտություն են, ինչը մեզ հնարավորություն կտա առավել համակարգված աջակցելու բռնության ենթարկված կանանց եւ նրանց մատուցելու համապատասխան ծառայություններ, որոնք այժմ չկան մեր երկրում»,- ասում է Նաիրուհի Սաֆարյանը։
Բանախոսները կանանց եւս մեկ անգամ հորդորեցին չլռել, եթե բռնության են ենթարկվում։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։