Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Լիբանանի տարածքում Իսրայելի ցամաքային գործողությունները՝ դրանք որակելով «Լիբանանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտում»։
«Իսրայելի կողմից ցամաքային հարձակման միջոցով Լիբանանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտումը անօրինական ներխուժման փորձ է։ Այս հարձակումը պետք է անհապաղ ավարտվի, եւ իսրայելական զորքերը պետք է դուրս գան լիբանանյան տարածքից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Դրանում նշվում է, որ Իսրայելի գործողություններն ուղղված են տարածաշրջանում եւ դրանից դուրս անվտանգության եւ կայունության դեմ, որի հետեւանքով կարող են կրկնապատկվել միգրացիան եւ ծայրահեղականության աճը ամբողջ աշխարհում։
«Չպետք է մոռանալ, որ այս իրադարձությունները կազդեն նաեւ Իսրայելին քաղաքական աջակցություն եւ զենք տրամադրող երկրների վրա»,- ասվում է թուրքական կողմի հաղորդագրության մեջ։
Անկարան նաեւ պնդում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կյանքի կոչի միջազգային իրավունքի նորմերը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի «Լիբանանի օկուպացմանն» ուղղված այս հարձակման դեմ։
«Իսրայելի կողմից կատարված յուրաքանչյուր հանցագործություն հարված է միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար անհրաժեշտ հիմնական քայլը Գազայում հրադադարի անհապաղ եւ մշտական հաստատումն է։ Գազայում խաղաղության ապահովումը ամբողջ մարդկության պարտականությունն է»,- նշվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նշենք նաեւ, որ Իսրայելի պաշտպանության բանակը այսօր գիշեր հայտարարել է, որ ցամաքային գործողություններ է սկսել Լիաբանանի տարածքում՝ «Հըզբոլլահի» սահմանամերձ հենակետերը ոչնչացնելու նպատակով։