Ադրբեջանի հետ հակամարտության հետեւանքով հայկական կողմը 90-ականներից մինչ օրս ունի 1008 անհայտ կորած։ Սրա մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով «Radar Armenia»-ի հարցմանը՝ թե Ադրբեջանից բարձր մակարդակով հնչում են մեկնաբանություններ, որ Հայաստանը հրաժարվում է անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկություն տրամադրելուց։
«Հաշվի առնելով խնդրի մարդասիրական ասպեկտը՝ հայկական կողմը միակողմանիորեն իրականացրել է ադրբեջանցի անհայտ կորածների ճակատագրերի վերհանմանն ուղղված աշխատանքներ և պատրաստակամություն է հայտնել համագործակցելու խնդրի հասցեագրման ուղղությամբ։ Ավելին՝ ԼՂ ներկայացուցիչների հետ համագործակցության ընթացքում ադրբեջանական կողմին նախորդիվ փոխանցվել են թե՛ անհայտ կորած համարվող անձանց մասունքներ, թե՛ վերջիններիս ճակատագրերի վերհանման համար անհրաժեշտ առկա հստակ տեղեկություններ»,- ասվում է հայտարարության մեջ։
Բադալյանի խոսքերով՝ անհսյտ կորածների խնդրի շուրջ համագործակցելու Հայաստանի պատրաստակամության մասին է վկայում այն փաստը, որ հայկական կողմը համաձայնություն էր հայտնել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովների ձևաչափով ընթացիկ տարվա մայիսին նախատեսված հանդիպման առաջարկին։
«Ադրբեջանի ռազմական հարձակումների հետևանքով բազմաթիվ անձինք ենթարկվել են նաև բռնի անհետացման։ Կան բազմաթիվ վկայություններ, այդ թվում՝ տեսանյութեր և ձայնագրություններ, որոնք հաստատում են այս մարդկանց գերեվարումը։ Չնայած այս ակնհայտ ապացույցներին՝ Ադրբեջանը շարունակում է հերքել այդ անձանց գերեվարման փաստը և չի համագործակցում ոչ միայն Հայաստանի, այլ նաև մարդու իրավունքների միջազգային կառույցների հետ։ Դրա վառ օրինակներից է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի կայքէջում 2024 թվականի սեպտեմբերի 27-ին հրապարակված նամակը, որը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Զանգիլանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված և բռնի անհետացած 23 հայ զինծառայողների և 1 քաղաքացիական անձի դեպքին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։
Բադալյանը նաեւ հավելել է, որ Հայաստանը շարունակում է պատրաստակամ մնալ հավելյալ ջանքեր գործադրելու բոլոր մարդասիրական խնդիրների, այդ թվում` անհայտ կորածների ճակատագրերի հասցեագրման ուղղությամբ: