Նախորդ գիշեր Իրսրայելի դեմ Իրանի զանգվածային հրթիռային հարձակումից հետո հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թեհրանը «մեծ սխալ է թույլ տվել եւ կվճարի դրա համար»։
«Իրանն այս գիշեր մեծ սխալ թույլ տվեց, եւ նա կվճարի դրա համար։ Իրանի վարչակարգը չի հասկանում պաշտպանվելու եւ թշնամիներից վրեժխնդիր լինելու մեր վճռականությունը։ Մենք հավատարիմ ենք մնալու մեր սահմանած կանոնին․ ով հարձակվի մեզ վրա, մենք կհարձակվենք նրա վրա»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին նույնպես ասել է, որ Թեհրանի գործողությունները լուրջ հետեւանքներ կունենան: Նրա խոսքերով՝ Իրանից արձակված հրթիռների դեմ արդյունավետ գործել են իսրայելական եւ ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը։
«Իրանի հարձակումը դաժան եւ վտանգավոր էսկալացիա է. կլինեն հետեւանքներ […] Մենք կպատասխանենք որտեղ, երբ եւ ինչպես ուզենք՝ համաձայն Իսրայելի կառավարության հրահանգի»,- հայտարարել է Հագարին։
Իրանական հարձակումից ժամեր անց իսրայելական բանակը նոր հարվածներ է հասցրել Բեյրութում տեղակայված «Հըզբոլլահի» օբյեկտներին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն էլ Իրանի հարվածներն անվանել է «զգալի էսկալացիա» եւ ասել, որ Թեհրանն ընդհանուր առմամբ մոտ 200 բալիստիկ հրթիռ է արձակել (այդ թիվը հետագայում հայտարարեց Իրանի պետական հեռուստատեսությունը):
Սալիվանը հրաժարվել է Իսրայելի կամ ԱՄՆ-ի պատասխան գործողությունների հավանականությունը մեկնաբանելուց, սակայն հաստատել է, որ ամերիկյան կործանիչներն օգնել են Իսրայելին խոցել իրանական հրթիռները:
Ինչպես ճեպազրույցում ասել է Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը, հարձակումը հետ մղելուն մասնակցել են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ։
Ամերիկյան կողմի տվյալներով՝ նախօրեի իրանական Իսրայելի տարածքին հասցված հարվածները «կրկնակի մեծ են եղել», քան այս տարվա ապրիլին տեղի ունեցած առաջին հարձակումը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը լիովին աջակցում է Իսրայելին։ Նա նշել է, որ իր անմիջական հրամանով ԱՄՆ զինվորականները հարձակման ժամանակ «ակտիվորեն աջակցել են Իսրայելի պաշտպանությանը»։
Բայդենը նաեւ հավելել է, որ հարձակումը հետ է մղվել, իսկ պաշտպանական գործողությունները եղել են արդյունավետ։
Փոխնախագահ եւ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսն էլ պատմել է, որ նախագահ Բայդենի հետ իրական ժամանակով հետեւել է հարձակմանը Սպիտակ տնից: Նա նշել է, որ ամբողջովին կողմ է ԱՄՆ նախագահի որոշմանը՝ հրամայել ամերիկյան նավերին խոցել Իսրայելի դեմ ուղղված հրթիռները։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երեկոյան X-ի էջում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ՝ նշելով, որ փոխադարձ երախտագիտություն են հայտնել Իրանից արձակված 200 բալիստիկ հրթիռներից Իսրայելի համակարգված պաշտպանության համար։
Հարձակումից հետո Իրանի արտգործնախարարության տարածած հայտարարության տեքստում նշվում է, որ երկրի զինված ուժերը մի շարք հրթիռային հարձակումներ են իրականացրել Իսրայելի ռազմական եւ անվտանգության օբյեկտների դեմ՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված օրինական պաշտպանության իրավունքի իրականացմանը համապատասխան:
Հայտարարության մեջ նշվում է, որ «հարձակումը կատարվել է նաեւ ի պատասխան սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունների, ներառյալ Իսլամական Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վրա հարձակման եւ Թեհրանում ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավարի [Իսմայիլ Հանիեի] նահատակության, որն Իրանի կառավարության պաշտոնական հյուրն էր, ինչպես նաեւ Լիբանանի «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղարի [Հասան Նասրալլայի] եւ վետերան հրամանատար ու Բեյրութում ռազմական խորհրդական, բրիգադային գեներալ Աբբաս Նիլֆորուշանի նահատակության»։
Իրանի ԱԳՆ-ն նշում է, որ երկար լռությունից հետո Իսլամական Հանրապետության ինքնապաշտպանության իրավունքի կիրառումը մատնանշում է Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։
Հարձակումից ժամեր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նույնպես հայտարարել էր, որ Իսրայելին հասցված հարվածները պատասխան են Հանիեի, Նասրալլայի եւ գեներալ Նիլֆորուշանի սպանության։
«Գործողությունն իրականացվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հավանությամբ եւ զինված ուժերի գլխավոր շտաբի ծանուցմամբ եւ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի եւ պաշտպանության նախարարության աջակցությամբ։ Զգուշացվում է, որ եթե սիոնիստական ռեժիմը ռազմական պատասխան տա այս գործողությանը, որը համապատասխանում է երկրի օրինական իրավունքներին եւ միջազգային օրենքներին, ապա այն կբախվի հետագա ջախջախիչ եւ ավերիչ հարձակումների»,-ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։
Մեկ այլ հայտարարության մեջ էլ Կորպուսն ընդգծում է, որ արձակված հրթիռների 90%-ը հաջողությամբ խոցել են թիրախները։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X-ի էջում գրել էր, որ հարվածի նպատակն է Իսրայելին ցույց տալ, որ Իրանը պատրաստ է պաշտպանելու իր շահերը եւ իր քաղաքացիներին։ Նա նշել է, որ Իրանը նախօրեին ցույց տվեց իր հնարավորությունների միայն մի փոքր մասը եւ զգուշացրեց Իսրայելի իշխանություններին հետագա էսկալացիայի համար:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին էլ գրել էր, որ գործողությունն ավարտված է, իսկ Իսրայելի պատասխան գործողությունների դեպքում Թեհրանի արձագանքը «ավելի ուժեղ եւ հզոր կլինի»։