Ադրբեջանցի քաղաքական էմիգրանտ Վիդադի Իսկանդերլին օրեր առաջ անհայտ անձանց կողմից դանակի ավելի քան 20 հարված էր ստացել Ֆրանսիայի արեւելքում գտնվող Մյուլհուս քաղաքի սեփական տանը։ Երեքշաբթի նա մահացել է հիվանդանոցում։
Սա առաջին դեպքը չէ, երբ այլ երկրներում հարձակման են ենթարկվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի քննադատները։ Ավելին, վերջերս Միլլի Մեջլիսի պատգամավորներից մեկը կոչ արեց «չեզոքացնել» նախագահին քննադատողներին «որպես օրինական թիրախների»։
Ընդդիմադիր գործչի եղբայրը՝ Օգթայ Իսկանդերլին, մի քանի լրատվականների պատմել էր, որ դանակի հարվածները վնասել են նրա լյարդը եւ թոքերը։
«Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում, իսկ արդյունքների մասին դեռ տեղեկացված չեմ, ինչ վերաբերում է Վիդադիին, երեկ նրա վիճակից պարզ էր, որ նա ողջ չի մնա»,-BBC-ի ռուսական ծառայությանն ասել էր Օգթայ Իսկանդերլին։
Վիդադի Իսկանդերլին հայտնի էր որպես Ալիեւի քննադատ։ Ադրբեջանում նա ղեկավարել է «Ժողովրդավարության պաշտպանության խթանում» հասարակական կազմակերպությունը։ 2011 թվականին նա երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել 2010 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկությանը միջամտելու համար հարուցված քրեական գործով, որտեղ նա առաջադրվել էր որպես թեկնածու։
2012 թվականին ներում ստանալուց հետո նա հեռացել էր Վրաստան, ապա՝ Ֆրանսիա։
Վերջերս Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը հայտարարել է, որ պետության ղեկավարի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար նախատեսված օրենսդրությունը չի գործում, եւ այդ պատճառով Ալիեւի քննադատները պետք է «չեզոքացվեն որպես օրինական թիրախներ»:
Նրա խոսքերն անհանգստացրել են հասարակական եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներին, որոնք կարծում են, որ պատգամավորը ոչ թե պարզապես անձնական կարծիք է հայտնում, այլ ցույց է տալիս իշխանության ավելի լայն մտադրությունները։
Իր հայտարարություններից մեկում էլ Օրուջը Իսկանդերլիին ահաբեկիչ էր անվանել։
Իլհամ Ալիեւի կառավարման տարիներին Ադրբեջանից հեռացել են բազմաթիվ ընդդիմադիրներ, ակտիվիստներ, իրավապաշտպաններ, լրագրողներ։ Սակայն նրանք հետպնդվում են նաեւ այլ երկրներում։ Ոմանք մահացել են անհասկանալի հանգամանքներում, իսկ մյուսները սպանվել են անհայտ անձանց կողմից։
2021-ին, չորս ամսվա տարբերությամբ, Թուրքիայի ոստիկանությունը խեղդված հայտնաբերեց ակտիվիստներ Վուգար Ռզուին (Բելգիայում) եւ Բայրամ Մամեդովին։ Նույն տարում ակտիվիստ Հուսեյն Բակիխանովն ընկել էր Թբիլիսիի հյուրանոցի տանիքից, անհայտ ադրբեջանցիների կողմից իր վրա հարձակվելուց ընդամենը երկու օր անց։
Լրագրող Աֆղան Մուխթարլին էլ առեւանգվել էր 2017 թվականի մայիսին Թբիլիսիում եւ բռնի ուժով տեղափոխվել Ադրբեջան, իսկ չորս ամիս անց Ազատություն ռադիոկայանի նախկին թղթակից Ֆիքրեթ Հուսեյնլին Կիեւում ծեծի էր ենթարկվել ադրբեջանցիների կողմից, որոնք ներկայացել էին որպես Ինտերպոլի աշխատակից։