ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով օգնական Դաֆնե Ռենդին նախօրեին Վարշավայի կոնֆերանսում հնչեցրած ելույթի ժամանակ անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների խախտումներին։
Ռենդին մասնավորապես նշել էր․ «Մենք կշարունակենք աշխատել ԵԱՀԿ-ի հետ եւ միջազգային այլ ջանքեր կգործադրենք՝ լուծելու միջազգային իրավունքի խնդիրները, որոնք ծագում են տարածաշրջանում: Մենք շարունակում ենք դիտարկել միջազգային մարդասիրական իրավունքի ենթադրյալ խախտումները նաեւ Լեռնային Ղարաբաղում»։
Պետքարտուղարի օգնականի այս հայտարարություններին փոքր֊ինչ ուշ արձագանքեց Բաքուն։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն Վաշինգտոնին մեղադրել է կողմնակալության համար։
«Հետաքրքիր է, որ չնայած Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի ընթացքում մարդկության դեմ կատարված լայնածավալ հանցագործություններին եւ ադրբեջանցիների ջարդերին` ամերիկյան կողմը միայն հիմա է անդրադառնում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերացման կարեւորությանը։ Միացյալ Նահանգները շուրջ 30 տարի անտեսել է Հայաստանի այս հանցագործությունները։ Եթե ամերիկյան կողմը ցանկանում է ցուցաբերել անաչառություն եւ արդար դիրքորոշում, ապա նախ պետք է պահանջի հետաքննել Հայաստանի կողմից կատարված բազմաթիվ հանցագործությունները, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Հակառակ դեպքում, սա ոչ այլ ինչ է, քան հայկական քարոզչության ազդեցության տակ արված միակողմանի հայտարարություն, որի նպատակն է մոլորեցնել միջազգային հանրությանը եւ շեղել ուշադրությունը Հայաստանի ագրեսիայի ընթացքում հարյուր հազարավոր ադրբեջանցիների հիմնարար իրավունքների եւ ազատությունների կոպիտ խախտումից »,- ասել է Հաջիզադեն։
Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո 115 հազար արցախահայեր հարկադիր տեղահանվեցին եւ ապաստան գտան Հայաստանում։
Թե՛ ադրբեջանական եւ թե՛ հայկական կողմը հայտնեցին ռազմական գործողությունների ընթացքում 200-ից ավելի զոհերի մասին։
Ձերբակալվեցին Արցախի նախկին 8 ռազմաքաղաքական ղեկավարներ․ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
Բաքուն նրանց մեղադրում է, այսպես կոչված «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նման այլ ծանր հոդվածներով։