Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անհետ կորածների խնդրի լուծմանը նվիրված միջազգային համաժողովի մասնակիցներին ուղարկված ուղերձում հայտարարել է, որ եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ապա պետք է խստորեն դատապարտի գերեվարված ադրբեջանցիների նկատմամբ իրականացված ոճրագործություններն ու պատժի մեղավորներին։
Ալիեւի խոսքերով` Երեւանի կողմից նման քայլը կարող է դառնալ նաեւ երկու երկրների միջեւ վստահության ամրապնդման արդյունավետ միջոց։
Նա նաեւ հայտարարել է, թե Հայաստանում հերոսացվել են ռազմական հանցագործություն կատարողները։
«Բաց աղբյուրներում եւ համացանցային ռեսուրսներում կան բավականաչափ լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնք ապացուցում են Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրականացված անմարդկային գործողությունները։ Թեեւ այսօր Ադրբեջանում պատասխանատվության են ենթարկվում ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների որոշ մեղավորներ, Հայաստանում դեռ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել դրա համար, ընդհակառակը, նրանք հերոսացվում են»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Նա նաեւ նշել է, որ Հայաստանը պետք է իրագործի միջազգային հումանիտար իրավունքից բխող բոլոր պարտականությունները։