Բարերար եւ «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր ու գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը այսօր Մատենադարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունն իր ուժը եւ միջոցները կտրամադրի, որպեսզի Բաքվում պահվող հայ գերիները հայրենիք վերադառնան։
Նա տեղեկացրել է, որ Կառավարությունից իրեն մի քանի անգամ տարբեր հանդիպումներում ասել են, որ աշխատում են հայ բանտարկյալների ազատման ուղղությամբ:
«Հրաշքի կարիք ունենք, որ դա կատարվի, եւ մեր բանտարկյալներն ազատվեն: Մեր պատմության մեջ հրաշքներ եղել են: Դժբախտաբար, անընդհատ հրաշքի վրա ենք հույս դնում: Ինձ համար այդ հրաշքը հավատք է, որ աներեւակայելին դարձնես իրական։ Ես վստահ եմ, որ ՀՀ Կառավարությունը եւ այլ մարդիկ կգործակցեն, որ այս նպատակին հասնենք»,- ասել է Նուբար Աֆեյանը, որի խոսքերը մեջբերում է «Արմենպրեսը»։
Անդրադառնալով գործարար եւ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ կապի հարցին` Աֆեյանը նշել է, որ իր ունեցած տեղեկությունները նրա մասին հիմնականում ընտանիքից են, քանի որ Բաքուն արտոնել է կարճատեւ խոսակցություններ։
Գործարարի խոսքերով` այժմ իրավաբանների եւ զանազան այլ միջազգային ընկերությունների հետ իրենք եւս աշխատանք են տանում Վարդանյանին ազատելու համար։
«Անկարելի է խաղաղություն ունենալ, որը հիմնված է անարդարության վրա, այդպիսի խաղաղություն աշխարհում չի եղել: Եղել է մի քանի րոպե, մի քանի օր, բայց չի գոյատեւել։ Իմ կարծիքով շատ պարզ է՝ նույնիսկ եվրոպացիներն ու ամերիկացիները լավ գիտեն ու ոչ բացահայտ, սակայն ասում են, որ խաղաղություն չի լինելու, եթե արդարության խնդիրը չհաստատվի»,- ընդգծեց Նուբար Աֆեյանը՝ հույս հայտնելով, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր կհաջողվի կնքել։