Երեւանը Ադրբեջանից քաղաքական կամք չի տեսնում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Սրա մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով Վարշավայի անվտանգության ֆորումում։
Ըստ Միրզոյանի՝ Ադրբեջանը, նոր նախապայմաններ առաջ քաշելով, պարզապես չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այս համատեքստում նա հիշեցրել է, որ Երեւանն աջակցել է Բաքվին՝ հյուրընկալելու COP-29-ը։ Նախարարի խոսքերով՝ այժմ իրական ժամանակն է փակելու հակամարտության էջը։
«Հայկական կողմը բանակցություններում շատ կառուցողական է։ Այստեղ կա ե՛ւ լավ, ե՛ւ վատ լուր։ Լավն այն է, որ մենք ադրբեջանական կողմի հետ կարողացել ենք որոշ հաջողությունների հասնել։ Օրինակ՝ վերջերս մենք ընդունեցինք երկու երկրների միջեւ առաջին իրավական փաստաթուղթը՝ սահմանագծման կանոնակարգը։ Մենք համաձայնել ենք, որ գործընթացի հիմքում պետք է լինի Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչը որոշակի ձեռքբերում է։ Դա նշանակում է, որ մենք սահման ունենք Ադրբեջանի հետ։ Վատ լուրն այն է, որ մենք գրեթե ավարտել ենք խաղաղության պայմանագրի տեքստը, բայց չենք ստորագրում այն»,- ասել է Միրզոյանը։
Միրզոյանը նաեւ անդրադարձել է ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ լարված հարաբերություններին։ Նախարարի խոսքերով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու համար Երեւանը պետք է հաշվարկի եւ ունակ լինի կառավարելու դրանից բխող բոլոր ռիսկերը։
«Հայ ժողովուրդը տասնամյակներով համոզված էր, որ եթե հարձակում լինի Հայաստանի վրա, Ռուսաստանը կօգնի, կպաշտպանի մեզ։ Հիմա մարդիկ տեսան, որ դա այդպես չէ, մենք աջակցություն չստացանք։ Ավելին՝ 2020-ի պատերազմից հետո ռուս խաղաղապահներ էին ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ երաշխավորելու բնակչության անվտանգությունը։ Բայց այս բռնի տեղահանության ժամանակ տեսանք, որ այդ առաքելությունը չգործեց, նրանք չարդարացրին իրենց»,- ասել է Միրզոյանը։
Նա նաեւ հավելել է, որ թեեւ Ռուսաստանի հետ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, սակայն միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ադրբեջանական հարձակումներից հետո ո՛չ Մոսկվան եւ ո՛չ էլ ՀԱՊԿ մյուս դաշնակիցները չարձագանքեցին, կամ էլ նրանց արձագանքն առնվազն չէր համապատասխանում Երեւանի ակնկալիքներին։
Հիշեցնենք, որ մի կողմից՝ Հայաստան-Ռուսաստան, մյուս կողմից՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ որոշ շրջաններ բռնազավթեց։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել բռնազավթելու փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։