Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ Լիբանանում իրականացվող ցամաքային գործողության ընթացքում՝ «Հըզբոլլահի» հետ մարտերում, զոհվել է ութ, վիրավորվել՝ յոթ զինվորական։
Ավելի ուշ իսրայելական բանակը հայտարարեց նաեւ Լիբանանի տարածքում շուրջ 400 մետր առաջ շարժվելու մասին։
Այս տեղեկությունը հաստատել է նաեւ Լիբանանի բանակը՝ հայտարարելով, որ իսրայելական զորքերը հատել են ՄԱԿ-ի հսկողության տակ գտնվող այսպես կոչված «Կապույտ գիծը», որը Իսրայել-Լիբանան եւ Իսրայելի բռնազավթած Գոլանի բարձունքներ-Լիբանան սահմանն է՝ երկրի տարածքում խորանալով 400 մետր։
Լիբանանի պետական ազգային լրատվական գործակալությունը հաղորդում է, որ հարավային Այտարուն քաղաքի վրա իսրայելական հարձակման հետեւանքով սպանվել են խաղաղ բնակիչներ եւ Իսլամական առողջապահության վարչության բուժաշխատողժներ:
Իսրայելական կողմն այս տեղեկությունները չի մեկնաբանել։
Reuters-ի եւ NBC-ի հաղորդմամբ՝ «Հըզբոլլահի» խոսնակ Մուհամմադ Աֆիֆին հայտարարել է, որ նախօրեին Իսրայելի պաշտպանության բանակի հետ հարավային Լիբանանում տեղի ունեցած բախումները «պատերազմի առաջին փուլի» մաս են կազմում:
«Մեր ուժերը եւ դիմադրության մարտիկները լիովին պատրաստ են պաշտպանվելու թշնամուց»,- ասել է Աֆիֆին եւ հավելել, որ «Հըզբոլլահը» բավականաչափ զենք ունի իսրայելական բանակի դեմ կռվելու համար։
Բացի այդ՝ «Հըզբոլլահի» տելեգրամյան էջում հրապարակված տեղեկագրում շարժումը պնդում է, որ իր մարտիկները կարողացել են կորուստներ պատճառել իսրայելական զորքերին, որոնք փորձել էին շրջապատել հարավային Լիբանանի Յարուն գյուղը:
Ավելի վաղ շարժումը հայտարարել էր նաեւ իսրայելական բանակի հետ Մարուն ալ-Ռաս քաղաքի շրջանում ունեցած բախումների մասին։
Իսրայելի պաշտպանության բանակը ո՛չ հաստատել եւ ո՛չ էլ հերքել է «Հըզբոլլահի» հայտնած տեղեկությունները։ Տարածված տեղեկագրերում միայն նշվում է, որ լրացուցիչ ստորաբաժանումներ ուղարկելու որոշումը կայացվել է Իսրայելի եւ Լիբանանի սահմանային գոտում իսրայելական զորքերի եւ «Հըզբոլլահի» միջեւ փոխհրաձգության ավելացման պատճառով։
Իսրայելական կողմը հայտնել է, որ 36-րդ դիվիզիայի հետեւակը եւ զրահատեխնիկան, ներառյալ «Գոլանիի» բրիգադը, 188-րդ զրահատանկային բրիգադը եւ 6-րդ հետեւակային բրիգադը, միանում են հարավային Լիբանանում «Հըզբոլլահի» հենակետերի «տեղայնացված, թիրախային հարձակումներին»։
Սրան զուգահեռ Իսրայելի բանակը նոր նախազգուշացում է տարածել հարավային Լիբանանի մոտ 25 գյուղերի բնակիչներին՝ կոչ անելով տարհանվել դեպի հյուսիս:
Նախազգուշացման մեջ, որը հրապարակել է արաբերեն, ասվում է, որ իսրայելցի զինվորականները մտադիր չեն վնասել լիբանանցիներին, և նրանք պետք է անհապաղ տարհանվեն Ավալի գետից հյուսիս՝ Իսրայելի հետ սահմանից մոտ 50 կմ հեռավորության վրա:
Մինչ այժմ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իր գործողությունների նպատակը Լիբանանի սահմանային շրջաններում «Հըզբոլլահի» ենթակառուցվածքի ոչնչացումն է, որպեսզի տասնյակ հազարավոր իսրայելցիներ կարողանան Իսրայելի հյուսիսում վերադառնալ իրենց տները:
Իսրայելական կողմը նաեւ հայտարարել է, որ չի ծրագրում ավելի մեծ ցամաքային ներխուժում իրականացնել եւ հասնել Բեյրութ կամ լիբանանյան այլ քաղաքներ: Սակայն վերջին մի քանի ժամերի ընթացքում Իսրայելի օդուժը մի քանի հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին։
Նախօրեին արաբա-իսրայելական հակամարտության սրմանը նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ «Մերձավոր Արևելքում բռնկվող հրդեհներն արագորեն վերածվում են իսկական դժոխքի»:
Նրա խոսքով՝ նախորդ շաբաթվա ընթացքում իրավիճակը «վատից փոխվել է շատ ավելի վատի», սակայն «Կապույտ սաղավարտները»՝ ՄԱԿ-ի խաղաղապահ ստորաբաժանումները, մնում են իրենց նախկին դիրքերում, և «ՄԱԿ-ի դրոշը շարունակում է ծածանվել՝ չնայած այն տեղափոխելու Իսրայելի խնդրանքին»։
Անվտանգության խորհրդում Գուտերեշն իր ելույթն ավարտեց «Լիբանանում տոտալ պատերազմից խուսափելու» կոչով, որը ցանկացած հնարավոր միջոցներով կունենա «խոր և կործանարար հետևանքներ»: