Հայաստանը ողջունում է Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովի «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման եւ խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձեւի» նախագիծը, որը աջակցություն է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին։ Սրա մասին Փարիզում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանը ողջունում է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման եւ խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձեւի» նախագիծը, որում մեզ հաջողվել է համակողմանիորեն անդրադառնալ ֆրանկոֆոն տարածաշրջանում առկա անվտանգային սպառնալիքներին եւ մատնանշել դրանց հաղթահարման ուղիները։ Կարեւոր ենք համարում, որ բանաձեւն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին՝ հիմնված պետությունների տարածքային ամբողջականության հարգման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի։ Բանաձեւը ողջունում է նաեւ 2024 թվականի ապրիլի 19-ի արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա միջպետական սահմանի սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը եւ խրախուսում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների նկատմամբ հարգանքի հիման վրա»,- ասել է Միրզոյանը։
ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանը հանձնառու է շարունակելու իր ջանքերը՝ միտված տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման օրակարգի առաջմղմանը։
«Մենք բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրելու խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի հետ։ Վստահ եմ, որ ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը խաղաղության գործընթացին դրական ազդակ կհաղորդի դրան»,- նշել է Միրզոյանը։