Մի խումբ քաղաքական ուժեր, նախաձեռնելով 50 հազարանոց ստորագրահավաք, որն իրենք անվանում են «Եվրաքվե», ՀՀ Կառավարությանը կոչ են անում ԱԺ-ում օրենք ընդունել ԵՄ-ին անդամակցության մեկնարկի վերաբերյալ։ Ըստ այդ ուժերի, եթե իրենց պահանջը մերժվի, ապա 300 հազար ստորագրություն կհավաքեն՝ այդ հարցը համապետական հանրաքվեի դնելու համար։
Դաշինքի կարկառուն ներկայացուցիչ Արամ Սարգսյանն էլ հիմնավորում է, թե իրենք դրանով ուժեղացնում են ՀՀ անվտանգությունը, որովհետեւ Ադրբեջանը ԵՄ-ի բարեկամի վրա չի հարձակվի՝ ակամայից լռելով, որ Հայաստանը ԵՄ-ի թշնամին չէր, երբ Ադրբեջանն օկուպացնում էր ՀՀ-ի հյուսիս ու հարավ արեւելյան սահմանագծի տարածքները։ Այդ ուժերը, Եվրամիության բարեկամ դառնալու կոչ անելով, մոռանում են, որ ԵՄ-ն եթե նույնիսկ ցանկանա, չի կարող անվտանգություն ապահովել Հայաստանի համար, որովհետեւ ԵՄ-ի սեփական անվտանգությունն ապահովում է ՆԱՏՕ-ն, իսկ մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ն Թուրքիան է, որը, վստահաբար, ՀՀ անվտանգության երաշխավորը չի դառնա։
Հայաստանը ԵՄ ասոցացման համաձայնագիրը (CEPA) կնքել է 2017-ին, այն ուժի մեջ մտել 2021-ին։ Այս ընթացքում այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չի կատարվել։ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն կատարել համաձայնագրի դրույթները, որպեսզի ավելի մոտեցնեն Հայաստանը ԵՄ-ի ստանդարտներին, այլ հակառակը՝ Հայաստանի քաղավիացիան ենթարկվել է ԵՄ պատժամիջոցների: Դրան զուգահեռ, Հայաստանն էլ ավելի է մեծացրել կախվածությունը ՌԴ տնտեսությունից՝ դառնալով վերաարտահանման եւ պատժամիջոցների շրջանցման ճանապարհներից մեկը։
Բացի այդ՝ ՀՀ-ն կրճատել է նաեւ առեւտրաշրջանառությունը ԵՄ-ի հետ։ Ավելին՝ Հայաստանի իշխանությունը շարունակում է խոսել ԵԱՏՄ-ի հետ ավելի խոր ինտեգրացիայի մասին, վերահաստատում ռուսական զորքերի՝ ՀՀ տարածքում գտնվելու աներկբա իրողությունը, Իրանի հետ առեւտրական կապերի խորացումն էլ հռչակում առաջնահերթություն։ Միաժամանակ, «Եվրաքվե»-ի միջոցով դեպի ԵՄ գնացող Հայաստանի գործարարներին Արամ Սարգսյանը գովերգում է՝ գոտեպնդելով նրանց շարունակել զբաղվել դեպի Ռուսաստան վերաարտահանմամբ՝ այն պարագայում, երբ նույն ԵՄ-ն նորանոր պատժամիջոցներ է կիրառում ՌԴ-ի դեմ։ Դրան էլ ավելանում է այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ խորհրդարանում հայտարարել է, որ պատրաստ է մոտ լինելու ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն ցանկանա (կարծես թե դա ԵՄ-ի ցանկությունն է, ու ԵՄ-ն պետք է շահագրգիռ լինի այդ հարցում)։
«Եվրաքվե» նախաձեռնության եւ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության ջատագով ուժերի փաստարկն այն է, թե Հայաստանը ժողովրդավար է՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի նման, ու, այդպիսով, բնական մասն է ԵՄ քաղաքակրթության։ Դրանով այդ քաղաքական ուժերն ու նրանց ղեկավարները ակամայից բացահայտում են սեփական սահմանափակությունը՝ քաղաքական ինստիտուտներով արեւմտյան մոդելի պետությունը եվրոպական մշակութային միջավայրից չտարբերելով։
Հայաստանը, այո՛, քաղաքակրթապես եվրոպական երկիր է, բայց մշակույթն ու քաղաքական ինստիտուտները տարբեր են, իսկ քաղաքական ինստիտուտների զարգացման մակարդակով Հայաստանը տասնամյակներով հետ է ԵՄ-ի ստանդարտից, ու դեպի այդ ուղղությամբ քայլերն էլ եթե կան, ապա դանդաղ են ու տկար։ Հայաստանի պես երկրի համար ժողովրդավարությունը որպես կարգախոս ու բարի կամքի դրսեւորում ընտրելը բավարար չէ։ Ինչպես հնարավոր չէ մասնակցել համալսարանի ընդունելության քննությունների առանց ստարտային բավարար պայմանների ու չափորոշիչների։
Դիմելուց բացի՝ կա ընդունելության փուլ, դրանից հետո հարկ է նաեւ սովորել մասնագիտություն։ Այսքանից հետո արդեն հնարավոր կլինի խոսել նորաթուխ ուսանողի (ՀՀ)՝ եվրոպական [աշխատաշուկա] ինտեգրվելու հեռանկարի մասին: Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ինստիտուտների ներկայիս վիճակում խոսել ԵՄ-ի անդամակցությունից նշանակում է երեխայի մանկապարտեզի փուլում «եվրաքվե անել» գիտությունների ակադեմիայի թղթակից անդամի կարգավիճակի ցանկությունը օրենքով ամրագրելու համար։
Ժողովրդավարությունը, իհարկե, մեծ ուժ է՝ քաղաքացիների հավաքական ուժը, բայց այն նաեւ ծանր բեռ է։ Բեռ հատկապես այն քաղաքացիների համար, որոնք սովորել են ավտորիտար կամ մերձավտորիտար սիստեմներին, որտեղ կան հրաման տվողներ ու կատարողներ։ ԵՄ-ին անդամակցությունը, ուրեմն, երկնքի մանանա չէ։ ԵՄ-ին անդամակցությունը միջինում 15-30 տարվա գործընթաց է, իսկ որոշ երկրների, օրինակ՝ Թուրքիայի պարագայում՝ է՛լ ավելի երկար։
ԵՄ-ին անդամակցելու համար թեկնածու պետության քաղաքական ինստիտուտները, կառավարման համակարգը, վարչատարածքային մոդելը, Սահմանադրությունը, բյուջետավորումը եւ այլ ատրիբուտներ պետք է համապատասխանեն ԵՄ-ի չափանիշերին, որոնք ամրագրված են Կոպենհագենի չափորոշիչներում։ Դրանց վերափոխումը տեւում է տասնամյակներ, դրանից հետո ԵՄ-ի երկրներն՝ առանձին-առանձին, պետք է իրենց համաձայնությունը տան ԵՄ-ի մաս դառնալու, վավերացնեն իրենց ազգային խորհրդարաններում (օրինակ՝ Հունաստանը պահանջեց Մակեդոնիայից փոխել իր պետության անվանումը. ինչեր կպահանջեն հրաշքով այդ փուլ հասած Հայաստանից՝ կարող եք ինքներդ պատկերացնել)։
ԵՄ-ն նաեւ դրախտ չէ, որի դռների բանալին ու ճանապարհը գտնողին սպասում են մեղրի գետեր, իսկ բանալուն կարելի է հասնել վիրտուալ կամ իրական մի քանի րոպե պահանջող ստորագրությամբ։ Այն նախեւառաջ որակ ու ստանդարտ է, քաղաքական, տնտեսական ու մշակութային ինստիտուտներ, մրցակցային շուկա, գիտելիք, աշխատանքի որակ, մասնագիտացում, մրցակցային ընտրություններ, դատարաններ։
Այն նաեւ կյանքի փիլիսոփայություն է, մարդակենտրոն համակարգ՝ անհատն ու հասարակությունը Աստծուն հավասար կարգավիճակով, պետությունն ու իշխանությունը հոմանիշներ չեն, կառավարողները հաշվետու ծառաներ են, ոչ թե բարեգործ տերեր։ Հիմա մի պահ պատկերացրե՛ք, թե նշածներից որ հարցերի վրա են գիշերուզօր տքնում հայրենի իշխանությունները, փորձե՛ք մտաբերել, թե այս ամենի մասին «Եվրաքվեի» հարգարժան ուժերն արդյոք պատմում են իրենց հետ հանդիպած քաղաքացիներին։
Հյուսիսային Մակեդոնիան ստացավ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ 2005 թվականին, բայց ԵՄ-ին անդամակցության բանակցությունները սկսվեցին միայն 2020 թվականին, Բուլղարիան եւ Ռումինիան անդամակցության բանակցությունները սկսել էին 90-ականներին, անդամակցեցին ԵՄ-ին 2007-ին, Ալբանիան դիմել է անդամակցության 2009-ից եւ դեռ չի ստացել համաձայնություն։
Հարցական է մնում նաեւ, թե տնտեսական լճացման եւ օրեցօր ռազմական բյուջեն ավելացնող ԵՄ-ն որտեղից է միլիարդավոր դոլարներ հայթայթելու եւ ինչու պետք է հսկայական գումարներ ներդնի ՀՀ-ի ինտեգրման համար։ ԵՄ-ին ավելորդ բեռ, այն էլ այս փուլում, այն էլ կոնֆլիկտային տարածաշրջանում, բլոկադայի տակ գտնվող երկիր ուղղակի հարկավոր չէ։ ԵՄ-ն նաեւ խաչակիրների ժառանգ չէ, որ Հայաստանին գա փրկելու որպես քրիստոնյա երկիր, որը ցանկություն է հայտնել դառնալ ԵՄ-ի անդամ։ ԵՄ-ն տարիներ ի վեր նույնիսկ զլանում է դյուրացնել ՀՀ-ի հետ շենգենյան վիզայի ռեժիմը՝ հաշվի առնելով նաեւ ներպետական գործընթացների կատարման ՀՀ իշխանությունների անգործությունն ու դանդաղկոտությունը։
Այս փուլում՝ ՀՀ-ի ու տարածաշրջանային այս վիճակում, ՀՀ-ի՝ ՌԴ տնտեսությունից խորացող կախվածության ու ամենօրյա պատերազմական վտանգի ֆոնին խոսել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցությունից, նույնն է թե հայտարարել, որ ստորագրահավաք ենք անելու ու միանալու ենք ԱՄՆ-ին՝ որպես 51-րդ նահանգ։ Եթե ստորագրահավաքները որոշիչ լինեին, հիմա Արցախը հայաթափված ու էթնիկ զտման ենթարկված չէր լինի, Թուրքիան ճանաչած կլիներ Հայոց ցեղասպանությունը, իսկ Արա Պապյանն էլ, իր մեկ այլ հրաշագործ թղթով, կլիներ Վիլսոնյան Հայաստանի առաջին դեսպանը։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։