Աշնան գալու հետ Գյումրիում առանց այն էլ անբարեկարգ փողոցներն անանցանելի են դառնում: Հատկապես քաղաքի ամենախիտ բնակեցված, երկրաշարժից հետո կառուցված «Անի» թաղամասում առաջին անձրեւի հետ մարդիկ սկսում են կրկնակոշիկներ հագնել, ցեխապատ փողոցներն անցնելու համար էլ լեռնագնացի հմտություն ձեռք բերել:
30 տարուց ավելի «Անի» թաղամասի՝ հիմնանորոգում չտեսած փողոցներից անցած տարվա ավարտին վերջապես հիմնանորոգվել եւ շահագործման է հանձնվել ընդամենը երկու փողոց՝ 3-րդը եւ 11-րդը:
Թե սրան որքան երկար սպասեցին, որքան անհարմարություններ կրեցին բնակիչները, վստահաբար երբեք չեն մոռանա: Տրամաբանությունից դուրս է, բայց 9000 քառակուսի մետր մակերեսով երկու նորոգված փողոց ունենալու համար երեք տարի պահանջվեց:
Բանն այն էր, որ «Վեոլիա ջուր» ընկերության պատվերով գործող «Դորոժնիկ» ընկերությունը մշտապես թերանում էր աշխատանքների ժամկետների հարցում՝ խոչընդոտելով ճանապարհների ասֆալտապատման գործընթացը:
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի եւ «Դորոժնիկ»-ի վեճուկռվը սովորական էր դարձել հանրության համար: Վերջապես փողոցները շահագործման հանձնվեցին, բայց հսկայական թաղամասում ընդամենը երկու փողոցի վերականգնումն այնքան էլ տեսանելի փոփոխություն չբերեց:
Այս տարեսկզբին «Անի» թաղամասն ամբողջությամբ վերանորոգելու լուրը հաճելի անակնկալ էր գյումրեցիների համար: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը ընդհանուր 4 մլն եվրո է տրամադրել «Անի» թաղամասի 37 փողոցների հիմնանորոգման ու լուսավորության համար։ Բնակիչները չգիտեն՝ ուրախանան, թե տխրեն. աչքը տեսածից է վախենում. ո՞վ իմանա՝ հիմա որքան են դիմանալու քանդած-թողած փողոցներին: Անգամ կատակում են՝ եթե երկու փողոցը երեք տարում նորոգվեց, 37-ը որքա՞ն է տեւելու:
Աշխատանքները սկսելու եւ չվերջացնելու փորձը Գյումրու համար նորություն չէ: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների եւ ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակում, ինչպես նաեւ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող լայնածավալ փողոցաշինական աշխատանքները նույնպես ժամանակին չեն ավարտվում:
Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը «Երկխոսությունների մեդիա կենտրոնում» ասաց, որ աշխատանքները ոչ մի կերպ ժամանակին ավարտել չի լինում: «Վերանորոգվող փողոցներ են եղել, որ առանց կոյուղատար ցանցի են նախագծվել, ընթացքում են կոյուղի ավելացրել, նախագիծ փոխել»: Ընթացիկ աշխատանքներում «Դորոժնիկի» աշխատանքը կամ ավելի ճիշտ է ասել՝ չաշխատելը նույնպես դանդաղելու կամ աշխատանքները ժանակակավորապես դադարեցնելու հիմնական պատճառներից են: «Աշխատանքը գետնի տակն է, ստույգ պլանավորումն անհնար է»,- ասում է փոխքաղաքապետը:
Գյումրի քաղաքի ավագանու անդամ Շավարշ Արամյանը հակադարձում է. «Կոմունիկացիաները գետնի տակ են, բայց քարտեզներ հո գոյություն ունեն, ինչո՞ւ համակարգված, պրոֆեսիոնալ աշխատանք չկա»: Արամյանը անարդյունավետ գործելաոճի երկու հիմնական պատճառ է տեսնում. «Աշխատանքների ոչ ճիշտ պլանավորումն է կամ ոչ ճիշտ աշխատանքային հարաբերությունները»:
Ավագանու անդամը կոչ է անում պատասխանատուներին, որ վերջ տան բանավոր պայմանավորվածությամբ գործելու չհաջողված փորձին, հիշեցնում է, որ 2023 թվականի սուբվենցիաները դեռ չեն ավարտվել, նախագծողն ասում է՝ ես մեղք չունեմ, շինարարն ասում է՝ ջրմուղն է մեղավոր, ջրմուղն էլ թե՝ գործ չունեմ: Նա կոչ է անում իրավական դաշտում աշխատել, անհարկի ձգձգումների համար էլ որպես լուծում չսահմանափակվել միայն իրար վրա «ջղայնանալով»:
Գյումրի քաղաքի ավագանու մեկ այլ անդամ՝ Կարեն Սոսյանը, դժգոհ քաղաքացիներից բողոքներ ամեն օր է ստանում: Մասնավորապես «Անի» թաղամասի խնդիրն է առանձնացնում, որտեղ շինարարը, «Դարոժնիկը» քանդում են փողոցներն ու մոռանում նորոգել:
Սոսյանը նույնպես պատճառներից է խոսում: Վստահեցնում է, որ ո՛չ մի կազմակերպություն իր բաժին մեղքը չի ընդունում, միայն մեղավորության սլաքներն են իրար ուղղում, ի վերջո տուժողը կրկին բնակիչն է:
Երկրորդ պատճառ նա Գյումրու խիստ փոքր բյուջեն է համարում: «Քաղաքը սուղ բյուջե ունի եւ ստիպված է սպասել սուբվենցիաներին կամ ֆինանսավորող կազմակերպությունների բարեհաճությանը»: Որպես օրինակ՝ մայրաքաղաքի եւ երկրորդ քաղաքի անհամեմատելի տարբեր բյուջեներն է մատնանշում. Երեւանի բյուջեն 125 միլիարդ է, Գյումրիինը՝ շուրջ 5 միլիարդ:
Նշենք, որ «Անի» թաղամասի վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն եկող տարվա գարնանը:
Թե երբ կավարտվի փողոցների հիմնանորոգումը, ոչ ոք չգիտի, մնում է հուսալ, որ այս անգամ բացառություն կանեն և փողոցները քանդելուց հետո կսարքեն:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։