Հայաստանը պետք է պատշաճ կերպով հետաքննի եւ պատժի պատերազմական բոլոր հանցագործներին՝ ճանաչելով իր պետական պատասխանատվությունը բոլոր հանցագործությունների համար։ Սրա մասին X-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
«Ադրբեջանի դեմ Հայաստանի 30-ամյա ռազմական ագրեսիայի ամենածանր հետեւանքներից մեկը անհայտ կորածների ճակատագիրն էր։ Ավելի քան 4000 ադրբեջանցիներ Հայաստանի կողմից խոշտանգվել եւ սպանվել են համակենտրոնացման ճամբարներում եւ թաղվել զանգվածային գերեզմաններում։ Հայաստանը դեռ չի պատժել այս հանցագործությունների համար ոչ մի պատասխանատուի»,- գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Հաջիեւը Հայաստանին նաեւ մեղադրել է այսպես կոչված «զանգվածային գերեզմանների» գտնվելու վայրի մասին ամբողջ ժամանակագրությունը եւ տեղեկատվությունը տրամադրելուց հրաժարվելու համար։
Ըստ նրա՝ «Հայաստանը պետք է ցույց տա արդարադատությանն ու հետհակամարտային խաղաղությանը իր իսկական հավատարմությունը՝ ճանաչելով իր պետական պատասխանատվությունը այս բոլոր հանցագործությունների համար, եւ պատշաճ կերպով հետաքննի եւ պատժի բոլոր պատերազմական հանցագործներին»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին նման հայտարարություն արել էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ նշելով, որ եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ապա պետք է խստորեն դատապարտի գերեվարված ադրբեջանցիների նկատմամբ իրականացված ոճրագործություններն ու պատժի մեղավորներին։
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը պատասխանել էր Ադրբեջանից հաճախակի դարձած այն հայտարարություններին, թե հայկական կողմը հրաժարվում է անհայտ կորածների ճակատագրերի մասին ունեցած ամբողջ տեղեկատվությունը Բաքվին տրամադրելուց։
«Հաշվի առնելով խնդրի մարդասիրական ասպեկտը՝ հայկական կողմը միակողմանիորեն իրականացրել է ադրբեջանցի անհայտ կորածների ճակատագրերի վերհանմանն ուղղված աշխատանքներ եւ պատրաստակամություն է հայտնել համագործակցելու խնդրի հասցեագրման ուղղությամբ։ Ավելին՝ ԼՂ ներկայացուցիչների հետ համագործակցության ընթացքում ադրբեջանական կողմին նախորդիվ փոխանցվել են թե՛ անհայտ կորած համարվող անձանց մասունքներ, թե՛ վերջիններիս ճակատագրերի վերհանման համար անհրաժեշտ առկա հստակ տեղեկություններ»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի պատասխան հայտարարության մեջ։
Դրա եզրափակիչ հատվածում նաեւ ընդգծվում էր, որ Հայաստանը շարունակում է պատրաստակամ մնալ հավելյալ ջանքեր գործադրելու բոլոր մարդասիրական խնդիրների, այդ թվում` անհայտ կորածների ճակատագրերի հասցեագրման ուղղությամբ։