Արցախի պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի, որն այժմ կալանավորված է Ադրբեջանում, փաստաբանները հոկտեմբերի 3-ին դատական հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան՝ պնդելով, որ նա ենթարկվել է խոշտանգումների եւ զրկվել է արագ դատաքննության իրավունքից: Սրա մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է հայցի վերաբերյալ մեկնաբանություններ տալուց:
Հայտարարության մեջ Վարդանյանի փաստաբանները նշում են, որ դեպքերից մեկը վերաբերում է 2024 թվականի ապրիլին կազմակերպված հացադուլի ժամանակ նրա նկատմամբ վերաբերմունքին, որն իրենից խոշտանգում է ներկայացնում։ Դրանում նշվում է, որ հացադուլին ի պատասխան Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, ստիպել կանգնած մնալ, արգելել են լողանալ եւ երկու օրով զրկել են ջրից։
Մեկ այլ հայցով էլ փաստաբանները պնդում են, որ Արցախի նախկին պաշտոնյան կալանավորումից հետո զրկվել է արագ դատաքննության իրավունքից։ Եվս մեկ հայց էլ ներկայացվել է «Բաքվի աշխատավոր» թերթի դեմ՝ Վարդանյանին զրպարտելու համար։
Արցախի նախկին պետնախարարը Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումից ու նրա լուծարումից հետո։ Բաքուն Վարդանյանին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու եւ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով»։
Ռուբեն Վարդանյանը 2022 թվականի սեպտեմբերից հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից եւ տեղափոխվել Արցախ։ Նույն տարվա նոյեմբերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել էր պետնախարարի պաշտոնում եւ ղեկավարել մինչեւ 2023-ի փետրվարը։