Բեյրութի հարավային արվարձաններում՝ Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի մոտ, ուրբաթ գիշեր հզոր պայթյուններ են որոտացել։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ` հարձակման գլխավոր թիրախը կարող են լինել նախորդ շաբաթ «Հըզբուլլահի» սպանված առաջնորդ Հասան Նասրալլահի զարմիկը եւ նրա ամենահավանական իրավահաջորդ համարվող Հաշիմ Սաֆի ալ-Դինը։
«Հըզբուլլահին» մոտ կանգնած աղբյուրները AFP-ին հայտնել են, որ իսրայելական բանակը առնվազն 11 հարված է հասցրել շարժման թիրախներին։ Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունից (NNA) հայտնել են, որ «արձանագրվել է ավելի քան 10 անընդմեջ հարված, ինչը այն դարձնում է Բեյրութի հարավային արվարձաններին հասցված ամենահզոր հարձակումներից մեկը»։
The New York Times-ն էլ, հղում կատարելով իսրայելական պաշտոնյաներին, գրում է, որ հարվածներից առաջ զինվորականները տեղեկություններ են ստացել Լիբանանի մայրաքաղաքի հարավային Դահիյե թաղամասի բունկերում Սաֆի ալ-Դինի եւ «Հըզբուլլահի» այլ առաջնորդների հավանական հանդիպման մասին: Միեւնույն ժամանակ դեռեւս հայտնի չէ, թե արդյոք հաջողվել է վնասել շիայական շարժման որեւէ առաջնորդի։
Շեյխ Սաֆի ալ-Դինը վերահսկում է «Հըզբուլլահի» քաղաքական թեւը եւ շարժման «Ջիհադի խորհրդի» անդամ է: 2017 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտը նրան ներառել է հետախուզվող ահաբեկիչների ցուցակում։
Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանել հարվածները, սակայն ավելի վաղ հարավային Բեյրութի բնակիչներին տարհանման կոչ էր արել:
«Դուք գտնվում եք «Հըզբուլլահի» օբյեկտների մոտ, եւ Իսրայելի պաշտպանության բանակը շուտով պատրաստվում է թիրախավորելու դրանք»,- X-ի էջում արաբերեն գրել է Իսրայելի բանակի խոսնակ Ավիչայ Ադրայը։
Տասնյակ հազարավոր մարդիկ փորձում են հեռանալ Լիբանանից, մեծ մասը՝ հարեւան Սիրիա: Սակայն վերջին օրերին հասցված ավիահարվածներից զգալիորեն տուժել է երկու երկրները կապող գլխավոր ավտոճանապարհը։
Իսրայելի զինվորականները տարհանման կոչեր ավելի վաղ հնչեցրել էին նաեւ հարավային Լիբանանի 35 բնակավայրերի բնակիչներին։ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը խորհուրդ է տվել նրանց շարժվել Ավալի գետից հյուսիս:
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետեւանքով զոհվել է 37 մարդ, վիրավորվել՝ 151-ը։