Հայաստանը վտանգավոր խաղերի մեջ է մտել և չպետք է մոռանա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատմությունը։ Սրա մասին Ջաբրայիլ քաղաք կատարած այցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Հայաստանը խախտել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը և սկզբունքները՝ օկուպացնելով մեր հողերի շուրջ 20 տոկոսը, իրականացնելով էթնիկ զտումներ, իրագործելով Խոջալուի ցեղասպանությունը և ավերելով մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը։ Արևմտյան որևէ պետության որևէ պաշտոնական ներկայացուցիչ երբևէ քննադատե՞լ է նրանց։ Ո՛չ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Հաջորդիվ Ալիեւը կրկին անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը եւ նշել, որ այն Բաքվին մղում էր ստորացուցիչ խաղաղության։
«Երբ միջազգային բոլոր հարթակներում բարձրացրինք մեր արդարության ձայնը, մեզ ասում էին, որ մեր խոսքերը չափազանց կոշտ են, որ այս սուր հռետորաբանությունը չի մոտեցնում խաղաղությանը, որ այն ավելի հեռու է տանում, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Այսինքն՝ Ֆրանսիան և նրա նման արևմտյան այլ պետություններ ամեն ինչ անում էին, որ այդ բռնազավթումը մնայուն լինի»,- հայտարարել է Ալիեւը։
Շարունակելով արեւմտյան պետություններին ուղղված կշտամբանքը՝ Ալիեւը հայտարարել է, որ այս օրը «հակաադրբեջանական ուժերի սգո օրն է», քանի որ նրանք չէին հասկանում, թե «ինչպե՞ս է Ադրբեջանը վերականգնել իր իրավունքները» առանց իրենց թույլտվության, «առանց որևէ մեկին հարցնելու՝ չվախենալով և որևէ մեկին ուշադրություն չդարձնելով»։
Հաջորդիվ Ալիեւը բողոքել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Ադրբեջանի նկատմամբ, իսկ հետո առաջարկում է բարեկամություն հաստատել։
«ԱՄՆ Կոնգրեսի 60 հայամետ անդամներ դիմել են ամերիկյան կառավարությանը՝ Ադրբեջանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու խնդրանքով։ Այս առավոտ ես նայեցի այդ կոչը. դա նվաստ կոչ է և չի կարող ազդել մեր կամքի վրա: Այնուամենայնիվ, ի՞նչ է դա ցույց տալիս։ Մեր դեմ թշնամական քաղաքականությունը չի դադարում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ալիեւը պնդել է, որ փաստաթուղթը ուսումնասիրելուց հետո հասկացել է, որ դրա հասցետարն ու հեղինակը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է եղել։
«Երբ ես նայեցի այդ կոչին, կռահեցի, որ դրա հեղինակը և հասցեատերը նույնն են։ Որովհետև հասցեատերը ԱՄՆ պետքարտուղարն է։ Չնչին կասկած չունեմ, որ կոչը գրվել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի ներսում։ Այսինքն՝ իրենք իրենց նամակներ են գրում՝ մեզ սպառնալու, մեղադրելու համար»,- հայտարարել է Ալիեւը։
Շարունակելով պատժամիջոցների թեման՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ առաջին սահմանափակումները Վաշինգտոնը ներդրել է դեռ 1992 թվականին եւ վերացրել միայն 2001 թվականին՝ Աֆղանստանում պատերազմի սկսվելուց հետո։
«Նրանց օկուպացիոն գործունեությունը Աֆղանստանում սկսվել էր, ագրեսիայի պատերազմ էր սկսվել, և նրանք մեր կարիքն ունեին։ Քանի դեռ նրանք մնում էին Աֆղանստանում, այդ պատժամիջոցներն ամեն տարի ԱՄՆ-ը հանում էր։ Սակայն, երբ նրանք ամբողջ աշխարհի աչքի առաջ փախան Աֆղանստանից, մեր նկատմամբ այդ պատժամիջոցները կրկին վերականգնվեցին։ Կա՞ արդյոք անշնորհակալության այլ աստիճան»,- ասել է Ալիեւը։