Հայաստանի գործող իշխանությունները եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ ձգտում են Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր:
Եթե խաղաղության պայմանագրի ամբողջական տեքստ չի հաջողվում ստորագրել, առաջարկում են ստորագրել արդեն իսկ համաձայնեցված կետերը ներառող փաստաթուղթ:
Եթե դա էլ չի հաջողվում, համաձայն են ստորագրել սկզբունքների շուրջ պայմանագիր:
Եթե անգամ դա էլ է մերժվում Ադրբեջանի կողմից, ապա Հայաստանը պատրաստ է մի որեւէ այլ թուղթ ստորագրելու:
Իրատես եւ տրամաբանող յուրաքանչյուր ոք հասկանում է, որ ո՛չ խաղաղության պայմանագիրը, ո՛չ որեւէ այլ փաստաթուղթ չեն բացառելու նախագահ Իլհամ Ալիեւի նոր պատերազմի հավանականությունը: Երկկողմ ստորագրված փաստաթղթերը զսպող գործոն են միայն:
Այդ պարզ ճշմարտությունը գիտակցում են նաեւ Հայաստանի օրվա իշխանությունները, այդ պատճառով՝ փորձում են վերականգնել ռազմական հավասարակշռությունը՝ պատերազմը զսպող ամենակարեւոր եւ հիմնական գործոնը, ինչը նյարդայնացնում է Ալիեւին: Բաքու-Փարիզ հարաբերությունների վատթարացման հիմքում Հայաստանին Ֆրանսիայի կողմից ռազմական մատակարարումներն են:
Փաշինյանին խաղաղության մասին թուղթը անհրաժեշտ է Թուրքիային փոխանցելու համար:
Ռեջեփ Թայյիփ Էրդողանը եւ պաշտոնական Անկարան այլեւս պատճառ չունեն Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց եւ սահմանները փակ պահելուց հրաժարվելու համար:
Ավելին՝ թուրքերի համար եւս ստեղծվել է պատմական պահ եւ բացառիկ հնարավորություն, սակայն երկու ավելի կարեւոր գործոն, քան հայկականն է, նրանց զսպում են գնալու Հայաստանի հետ հաշտեցման:
Առաջին՝ ադրբեջանական ներդրումները Թուրքիայի տնտեսության մեջ այնքան ծանրակշիռ են, որ ավելի ձեռնտու է Հայաստանի հետ սահմանը փակ պահելը, այդպիսով նաեւ՝ ռուսական ներկայությունը երկարաձգելը:
Երկրորդ՝ Թուրքիայի ներքաղաքական պայքարում եւ ընտրություններում ադրբեջանական գործոնը էական նշանակություն ունի:
Հետեւաբար Անկարան եւ Էրդողանն անձամբ շարունակում են հրաժարվել Երեւանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց եւ Հայաստանը պահում են շրջափակման տակ, քանի դեռ չունեն Ադրբեջանի հավանությունը:
Բաքուն իր հաշվարկն ունի: Երեւանի հետ չստորագրելով որեւէ փաստաթուղթ՝ Ալիեւը շարունակում է Հայաստանը պահել տնտեսական, տարածաշրջանային մեկուսացման մեջ:
Այս իրավիճակը Ադրբեջանի համար շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանի օգնությամբ եւ թույլտվությամբ չեն զավթել միջանցք Արաքսի ափի երկայնքով, որով նրանք ձգտում են կապվելու Նախիջեւանի հետ: Այս հարցում Բաքուն և Մոսկվան Երևանի թիվ մեկ սպառնալիքն են:
Հայաստանի, հարեւան Իրանի եւ այլ երկրների համար միջանցքի գոյությունը եւ ռուսական նոր ներկայությունը անընդունելի են: Առայժմ անընդունելի է, քանի դեռ չկան աշխարհաքաղաքական նոր փոփոխություններ ու պայմանավորվածություններ, մասնավորապես՝ Մոսկվայի եւ Թեհրանի միջև:
Միակ պետությունը, որի համար միջանցքը կարմիր գիծ է, Հայաստանն է:
Ուկրաինայում շարունակվող պատերազմը եւ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները էական նշանակություն են ունենալու նաեւ այն հարցում, թե ինչ վարքագիծ են դրսեւորելու Բաքուն եւ Մոսկվան միջանցք զավթելու ցանկությունները իրականություն դարձնելու ձգտումներում:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։