Նախորդ շաբաթվա վերջին Բեյրութին հասցված իսրայելական ավիահարվածներից հետո Իրանը եւ «Հեզբոլլահը» չեն կարողացել կապ հաստատել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի արտասահմանյան ռազմական հետախուզական ծառայության կամ «Քուդս» ուժերի հրամանատար, գեներալ Էսմայիլ Քաանիի հետ։ Նա այդ պաշտոնում փոխարինել էր գեներալ Կասեմ Սոլեյմանիին 2020 թվականին Բաղդադում ԱՄՆ ԱԹՍ հարվածի հետեւանքով նրա սպանությունից հետո:
Իրանի անվտանգության ոլորտի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ Reuters-ին հայտնել են, որ Քաանին Լիբանան ուղեւորվել էր նախորդ ամիս «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի սպանությունից հետո:
Ըստ պաշտոնյաներից մեկի՝ հինգշաբթի օրը տեղի ունեցած ռմբակոծությունների ժամանակ Քաանին եղել է Բեյրութի հարավային Դահիե արվարձանում, որի թիրախը եղել է Նասրալլահի հավանական իրավահաջորդ Հաշեմ Սաֆի ալ-Դինը։ Աղբյուրը նաեւ նշել է, որ գեներալը այդ ժամանակ չի հանդիպել Սաֆի ալ-Դինի հետ:
«Հեզբոլլահի» աղբյուրն էլ Reuters-ին պատմել է, որ Բեյրութի հարավային արվարձանների ռմբակոծություններից հետո իսրայելական կողմը հնարավորություն չի տվել գտնելու նաեւ Սաֆի ալ-Դինին, որի ճակատագրի մասին տեղեկությունները շարժումը կհայտարարի, երբ ավարտվեն սկսված որոնողական աշխատանքները։
Reuters-ի հարցմանը, թե արդյոք Քաանին կարող է սպանվել Բեյրութում իսրայելական ավիահարվածի հետեւանքով, Իսրայելի բանակի խոսնակ, փոխգնդապետ Նադավ Շոշանին պատասխանել է, որ գործողության արդյունքները դեռ գնահատվում են: Նրա հաղորդմամբ՝ հարձակումը իրականացվել է Բեյրութում գտնվող «Հեզբոլլահի» հետախուզական շտաբի դեմ։
Հիշեցնենք, որ «Հեզբոլլահին» մոտ կանգնած աղբյուրները AFP-ին հայտնել են, որ իսրայելական բանակը առնվազն 11 հարված է հասցրել Դահիեում տեղակայված շարժման թիրախներին։
Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունից (NNA) հայտնել են, որ «արձանագրվել է ավելի քան 10 անընդմեջ հարված, ինչը այն դարձնում է Բեյրութի հարավային արվարձաններին հասցված ամենահզոր հարձակումներից մեկը»։