Հայաստանն ասում է, որ պատրաստ է մինչեւ COP-29-ը խաղաղության պայմանագիր ստորագրելու տրամաբանությանը: Դրա մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։
ՀՀ ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ Հայաստանը պաշտպանել է COP-29-ը Բաքվում անցկացնելու որոշումը՝ որպես կողմերի միջեւ վստահության եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործիք, եւ չի ցանկանա, որ այն հակառակ նպատակով օգտագործվեր։
Բադալյանի խոսքերով «պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը, համաձայնեցված հոդվածները ներառող Խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկները մերժելը հայաստանյան եւ միջազգային շատ փորձագետների ստիպում են եզրակացնել, որ Ադրբեջանը COP-29-ն օգտագործելու է իր կողմից իրադրությունն առաջիկայում էսկալացնելու լեգիտիմության ծխածածկույթ ստեղծելու համար: Նման վերլուծությունների թիվն, ընդ որում, գնալով շատանում է»:
ԱԳՆ խոսնակը նաեւ նշել է, որ շատ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ նման հեռանկարը բացառելու համար անհրաժեշտ է COP-29-ից առաջ ստորագրել Խաղաղության պայմանագրի համաձայնեցված բովանդակությունը, «այլապես առանց դրա Բաքու մեկնող առաջնորդները կարող են ակամա դառնալ պատերազմի հրաձիգներ»:
Անդրադառնալով նաեւ Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին շրջանում Հայաստանին զանգվածային ռազմականացման համար մեղադրող հայտարարություններին՝ Բադալյանը նշել է․
«Եթե համեմատենք Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական ծախսերը թե՛ բացարձակ թվերով, թե՛ համաչափությամբ, թե՛ ձեռք բերվող սպառազինությունների տեսակներով, կտեսնենք, թե ով է զանգվածային միլիտարիզացիա իրականացնում: Ընդհակառակը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է, թե չի պատրաստվում միայն բանակի վրա հիմնված անվտանգության հայեցակարգ որդեգրել, եւ անվտանգության իր հայեցակարգի կարեւոր մասն է համարում հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումը, խաղաղության հաստատումը տարածաշրջանում: Իսկ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է, թե իրենց հիմնական անելիքը ռազմական կարողությունների հզորացումն է»:
Նա նաեւ հիշեցչել է, որ Հայաստանը բազմիցս է Ադրբեջանին առաջարկել եւ հիմա էլ է առաջարկում սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմներ ստեղծել։
«Ադրբեջանն այդ առաջարկը թողնում է անարձագանք՝ ավելի ու ավելի ագրեսիվ հռետորաբանություն որդեգրելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Վերահաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, բացի հնարավոր ագրեսիաներից պաշտպանվելուց, այլ, այսինքն՝ հարձակողական օրակարգ չունի: Մինչդեռ Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությանն ուղղված գրեթե ամենօրյա սպառնալիքներով»,- ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը: