Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանին եւ հայ հանրությանը «փայլուն բացատրություն» է տվել, որ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար գեներալ Վիտալի Բալասանյանին վերագրվող հողազավթման համացանցային պատմությունը չի համապատասխանում իրականությանը: Ըստ այդմ՝ գեներալ Բալասանյանը Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում ունի ազգական, որին էլ սեփականության իրավունքով պատկանում է հողատարածքը, որտեղ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը «գուցե թփեր հատել է, բայց խոստացել է երեսուն ծառ տնկել»:
Վարչական շրջանի ղեկավար Տեր-Մարգարյանը ներկայացնում է, քաղաքապետ Տիգրան Ավինյանը գոհ է մնում, որ օրենքի խախտում չկա, թեման փակվում է: Թեեւ քաղաքապետ-վարչական շրջանի ղեկավար երկխոսությունից հասկացվում է, որ Վիտալի Բալասանյանն իր ազգակցին պատկանող հողատարածքում ոչ թե ծառատունկ անելու, այլ ինչ-որ շինություն կառուցելու ծրագիր է ունեցել: Քաղաքային իշխանությունները, երեւում է, նրան ասել են, որ այս պահին «դա նպատակահարմար չէ»:
Ինչպես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կասեր՝ թղթերով ամեն ինչ ճիշտ է: Վաղը թղթերով կարող են «ապացուցել», որ Արցախի նախկին իշխանավորները Երեւանում ինչ ունեն՝ նախկինում այստեղ հաստատված ազգակիցներից նվիրատվություն են ստացել կամ ժառանգել:
Թուղթը չի կարմրում, ամեն ինչ հանդուրժում է: Բայց որքանո՞վ է բարոյական, որ մի իրավիճակում, երբ հարյուր հազար բռնագաղթված արցախցիների մեծագույն մասը գլխին սեփական կտուր չունի, գեներալ Բալասանյանը Նոր Նորքում թեկուզ ծառատունկի համար հողամաս է մաքրում, ցանկապատում: Այն դեպքում, երբ նրա անունը զուգորդվում է Ղարաբաղյան առաջին պատերազմի ռազմական հաջողությունների, քառասունչորսօրյայից հետո ՊԲ վերակազմավորման, դիմադրության կազմակերպման, Հադրութի եւ Շուշիի ազատագրման եւ թուրքերի փախուստին «թամաշա անելու» սպասումների եւ այդ պատրանքների դառնադառը խորտակման հետ:
Ի դեպ, համացանցում տարածված տեսանյութում Վիտալի Բալասանյանն ասում է, որ փողը տվել՝ տարածքը գնել է: Գուցե վճարել է ազգականի՞ն, հոգացել ձեւակերպման ծախսերը, բայց «ոզնին էլ գիտի» մի ճշմարտություն. առանց բարձր հովանավորության Երեւան քաղաքի սահմաններում հողատարածք հնարավոր չէ ձեռք բերել: Ըստ էության, Վիտալի Բալասանյանը ժամանակին հոգացել է իր եւ ընտանիքի երեւանյան հարմարավետությունը: Եվ նա միակը չէ:
Նոր Նորքում ամեն քայլափոխի արցախցի նախկին պաշտոնյա, գործարար աշխարհի մարդ է հանդիպում, որ նախ խուսափում է, ապա դժվարությամբ խոստովանում, որ ժամանակին բնակարան է ձեռք բերել: Մարդ, ինչ խոսք, ազատ է բնակության վայր ընտրելու եւ սեփական ֆինանսներն ազատորեն ծախսելու հարցում: Բայց այդ դեպքում նա պարտավոր է հայրենասիրությունից չխոսել, ոչ էլ քառասունչորսօրյա պատերազմից եւ անցյալ սեպտեմբերին Արցախի հայաթափումից:
Վիտալի Բալասանյանն իրավունք ունի իր ազգակցի տարածքում երեսուն ծառ տնկելու, տաղավար կանգնեցնելու, ձեռք բերելու օղեթորման սարք եւ օր ծերության ապրելու գյուղի հովվերգական կյանքով: Բայց մինչ այդ նա պարտավոր է հրապարակայնորեն հրաժարվել հաղթած գեներալի եւ Արցախի նվիրյալի աուրայից: Այդպես ե՛ւ իր համար հեշտ կլինի, ե՛ւ հազարավոր արցախցիների, որ տարիների շարունակ, իրենց ասկերանյան խոսվածքով ասած, «Վիտովեն հըվատալն»:
Բալասանյանի «այգեգործական» կերպարը գուցե օգնի, որ բռնատեղահանված արցախցիները նոր էլիտա բացահայտեն: Դա վերադարձի հստակ երաշխիք չէ, բայց պատմա-քաղաքական եւ ոչ քաղաքակրթական էպոխա փակելու անհրաժեշտություն կա: Գուցե վերագտնումի սկի՞զբ լինի:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։