Վերջին տարիներին երեխաների շրջանում նկատվում է խոսքային խանգարումների, խոսքի հապաղման աճ։ Դրա հետեւանքը կարող են լինել ժառանգականության գործոնը, էկոլոգիական խնդիրները եւ երեխայի մոր՝ հղիության շրջանում ունեցած հիվանդությունները (հատկապես սուր-շնչառական), շփումը թունավոր նյութերի, քիմիկատների հետ, առանց բժշկի վերահսկման դեղամիջոցներ ընդունելը, հոգեբանական տրավմաները, վատ սովորությունները՝ ծխախոտ, ալկոհոլ, թմրադեղեր օգտագործելը․․․
Մանկավարժական գիտությունների թեկնածու, Հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ եւ ներառական կրթության ֆակուլտետի դասախոս, լոգոպեդ Լիլիթ Ադլոյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է՝ նորմալ զարգացման դեպքում երեխան արդեն երեք տարեկանում յուրացնում է մայրենի լեզվի հիմնական քերականական կառույցները։ Այս տարիքում երեխայի կազմած նախադասությունները կարճ են, բայց քերականորեն ճիշտ ձեւակերպված։ Նա տիրապետում է քերականական բոլոր կառույցներին, որոնք անհրաժեշտ են կամ բավարար՝ մտքերն արտահայտելու համար։ Այսինքն՝ երեք տարեկան երեխան պիտի ունենա լիարժեք ձեւավորված խոսք։ Փոքրիկը պիտի նախադասություն կազմի՝ ենթական ու ստորոգյալը ճիշտ համաձայնեցնելով՝ ըստ դեմքի, թվի, բայի ժամանակի, եղանակի։ Եթե երեխան չի կարողանում այս կերպ նախադասություններ կազմել, ապա անհապաղ պետք է դիմել մասնագետի օգնությանը։
«Եթե երեխային երեք տարեկանից ուշ են տանում լոգոպեդի մոտ, կարող եմ վստահեցնել՝ լոգոպեդի աշխատանքը կարող է լինել անարդյունավետ կամ ոչ բավարար արդյունավետ»,- նշում է մասնագետը։
Լոգոպեդը վստահեցնում է՝ մեծահասակները կարեւոր դերակատարում ունեն երեխայի խոսքի զարգացման գործում։ Ծնողները դեռ հղիության շրջանում պիտի խոսեն երեխայի հետ, ասեն, որ շատ են սիրում ու սպասում նրան, հուզականորեն շփվեն նրա հետ։
«Իսկ երբ երեխան լույս աշխարհ է գալիս, հետո սկսում հնչյունակապակցություններ արտաբերել, հարկավոր է նրա հետ կրկնել դրանք՝ այդ կերպ նրա հետ շփվելով։ Երեխային պետք է նրա տարիքին համապատասխան խաղալիքներ, ոչ թե գաջեթներ տրամադրել։ Հարկավոր է հնարավորություն ստեղծել, որպեսզի երեխան շփվի իր հասակակիցների հետ, զգուշությամբ նրան միաժամանակ երկու լեզու սովորեցնել, հնարավորինս զերծ պահել սթրեսներից, ձախլիկին չստիպել աջ ձեռքով գրել»,- բացատրում է լոգոպեդը։
Արդյո՞ք երեխայի խոսքի զարգացման մակարդակը կապված է նրա ինտելեկտի հետ․ արձագանքելով այս հարցին՝ լոգոպեդը մանրամասնում է՝ խոսքը հաղորդակցման միջոց է եւ մեր մտածողության «գործիքը»։ Խոսքը եւ մտածողությունն անքակտելիորեն կապված են։ Եթե խոսքը տուժում է, ապա մյուս գործընթացները եւս տուժում են։
Խոսքը կարեւորագույն հոգեկան գործառույթ է, որի միջոցով իրականացվում է հաղորդակցումն այս կամ այն լեզվով։ Եթե երեխան ունի նորմալ լսողություն եւ մտավոր ունակություններ, սակայն նկատվում են խոսքի խանգարումներ, ապա մասնագետները նրան դասում են խոսքի խանգարումներ ունեցող երեխաների խմբին։
«Առհասարակ «խոսքի խանգարում» եւ «տարբերվող խոսք» հասկացությունները տարբեր են։ Տարբերվող խոսքը միշտ չէ, որ խանգարված խոսքն է։ Օրինակ՝ որեւէ լեզվի հնչյունային օրինաչափություններին չհամապատասխանող խոսքը հաճախ կարող է լինել որեւէ բարբառի, ոչ թե խոսքի խանգարման հետեւանք։ Այսօր որպես գլոբալիզացման եւ աճող արտագաղթի դրսեւորում՝ ավելանում է երկլեզվությունը։ Բազմալեզվությամբ պայմանավորված՝ տարբերվող խոսք ունեցող մարդկանց թիվն աճում է, բայց դա դեռ չի նշանակում, որ տվյալ անձն ունի խոսքի խանգարում»,- նշում է լոգոպեդը։
Խոսքի խանգարումը բացասաբար է անդրադառնում անձի զարգացման, ուսումնական գործընթացի վրա՝ երբեմն անհնար դարձնելով հաղորդակցությունը։ Որպես կանոն՝ խոսքի խանգարում ունեցող երեխաներն ունենում են տարաբնույթ վարքային ու հոգեբանական խնդիրներ։
Նախադպրոցական մանկավարժ, հոգեբան Գոհար Ադլոյանը մանրամասնում է՝ խոսքային կենտրոնը կենտրոնական նյարդային համակարգի կենտրոնում է տեղակայված։ Եթե կա խոսքի հապաղում, ապա հապաղում են նաեւ մնացյալ իմացական գործընթացները, ուշադրությունը, երեւակայությունը։
«Կախված խոսքային խանգարման առանձնահատկությունից՝ երեխան կարող է լինել կռվարար, ագրեսիվ, այդ թվում՝ իր հասակակիցների նկատմամբ, ձգտել մենության կամ լինել ինքնամփոփ։ Խոսելու ունակություն չունենալով՝ երեխան ուզում է իր պահանջմունքը բավարարել, ուստի հաճախ բղավում է, որ ուշադրություն գրավի»,- բացատրում է մասնագետը։
Երբ խոսքի հապաղում է, այդ ընթացքում մասնագետները փորձում են երեխայի մանր մոտորիկան զարգացնել, որի շնորհիվ երեխայի խոսքն էլ է որոշակիորեն զարգանում։
«Հե՛նց դրա համար են նախադպրոցական հաստատություններում երեխաների մանր մոտորիկան զարգացնում ծեփի պարապմունքների կամ հատուկ վարժությունների միջոցով, երբ աշխատում են մատների բարձիկները։ Այդ վարժությունների շնորհիվ խոսքը դիալեկտիկ կապով զարգանում է»,- բացատրում է հոգեբանը։
Ըստ նրա՝ խոսքի հապաղման աստիճանով պայմանավորված՝ որոշ դեպքերում անհրաժեշտ է, որ լոգոպեդի աշխատանքը համակցվի հոգեբանի աշխատանքով։ Երկու մասնագետների ջանքերը փոխլրացնում են, որի շնորհիվ երեխայի խոսքն ավելի արագ է զարգանում, իսկ հոգեբանական խնդիրներն աստիճանաբար հաղթահարվում են։
Նորմալ զարգացման դեպքում երեխան ե՞րբ եւ ինչպե՞ս պետք է սկսի խոսել
Լիլիթ Ադլոյանը բացատրում է՝ 9-10 ամսականից մինչեւ 1-1,5 տարեկանը երեխան սկսում է արտաբերել առաջին բառերը, որոնք կարող են լինել ե՛ւ ճիշտ, ե՛ւ թերություններով, բայց պահպանվում են բառի վանկային կառուցվածքն ու խոսքի ռիթմը։ Այս պարագայում բառ համարվում է ցանկացած հնչյունակապակցություն, որն իմաստ է արտահայտում։
1-2 տարեկանում բառերը նախադասություններում աստիճանաբար շարադրվում են ճիշտ հաջորդականությամբ, սակայն նախադասությունները կազմվում են յուրովի․ երեխան սկզբում ասում է իր ցանկացած բառը, ապա մյուսները։ Քանի որ այդ տարիքում երեխայի «ես»-ը դեռ ձեւավորված չէ, նա իր մասին սովորաբար խոսում է երրորդ դեմքով։
«Երեխան դեռ 4-րդ ամսում պետք է ժպտա, գղգղա, 6-րդ ամսվա վերջում նա պիտի իրեն շրջապատողների խոսքին արձագանքի, ժպտա, 7-րդ ամսվա վերջում՝ ճանաչի հարազատների ձայները, 9-րդ ամսվա վերջում՝ թոթովի, 10-րդ ամսվա վերջում՝ կրկնի պարզ բառեր, ընդօրինակի խաղային գործողություններ։ Առաջին տարվա վերջում փոքրիկը պետք է բառեր արտաբերի, արձագանքի իրեն առնչվող գովեստի խոսքերին կամ դիտողությանը, ընկալի որոշ հրահանգներ, օրինակ՝ բե՛ր, տա՛ր, ցո՛ւյց տուր․․․ Սրանք չափանիշեր են։ Եթե դրանք բացակայում են, ապա նրան հնարավորինս շուտ պետք է տանել լոգոպեդի մոտ, որպեսզի կատարված աշխատանքն արդյունավետ լինի»,- բացատրում է մասնագետը։
Ուսումնասիրությունները փաստում են, որ սովորաբար խոսքի խանգարումները զարգացման այլ խանգարումների հետեւանք են, օրինակ՝ մանկական ուղեղային կաթվածի, լսողության խանգարման, մտավոր հետամնացության, աուտիզմի։ Խոսքային խանգարման ծանրությունից է կախված, թե որքան երեխան պիտի հաճախի լոգոպեդի մոտ։ Նախընտրելի է շաբաթական երեք այցելություն, մինչեւ խնդիրը հաղթահարվի։ Նախադպրոցական հաստատություններում եւս աշխատում են լոգոպեդներ։
Խորհուրդներ ծնողներին
Մասնագետը նշում է՝ երբեմն երեխան 3-4 տարեկանում խոսել չի կարողանում, բայց նրա ծնողներն ասում են՝ դա գենետիկ է, դեռ կխոսի։ Երեխայի խոսքը՝ որպես հաղորդակցման միջոց, լիարժեք ձեւավորվում է եւ ավարտվում 3-5 տարեկանում, եւ դրանից ուշ դիմելը սխալ է։ Երբ երեխան հոգեֆիզիկական կամ խոսքի զարգացման խնդիր ունի, անհապաղ պետք է դիմել մասնագետի՝ լոգոպեդի։ Որքան վաղ դիմեն, այնքան ավելի արդյունավետ կլինի մասնագետի աշխատանքը։
Ամերիկյան «Խոսք-լեզու-լսողություն ասոցիացիան» (The American Speech-Lenguage-Hearing Assosiation (ASHA), 1993) խոսքի եւ հաղորդակցման խանգարումները բաժանում է երկու խմբի՝ խոսքի խանգարումներ եւ լեզվի խանգարումներ։ Ըստ այս ասոցիացիայի՝ խոսքի խանգարումները պայմանավորված են հնչարտասանության, ձայնարձակման, շնչառության խանգարումներով, իսկ լեզվի խանգարումները՝ տեղեկությունն ընկալելու, մտքերը ձեւակերպելու եւ վերարտադրելու դժվարություններով։
«Հայրենական լոգոպեդիայում լայնորեն կիրառվում է խոսքի խանգարումների երկու դասակարգում՝ բժշկամանկավարժական, հոգեբանամանկավարժական։ Առանձնացվում են նաեւ գրավոր եւ բանավոր խոսքի խանգարումներ։ Մասնագետը, երեխային զննելով, հասկանում է՝ նա կոնկրետ ինչ խնդիրներ ունի, ապա սկսում է աշխատել դրանք վերականգնելու ուղղությամբ»,- ասում է Լիլիթ Ադլոյանն ու եւս մեկ անգամ հորդորում՝ խոսքի խանգարում ունեցող երեխային հարկավոր է հնարավորինս շուտ տանել լոգոպեդի մոտ։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։