«Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը Կառավարությունը ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացնելու համար։
ՀՀ ԱԺ տեղեկագրում նշվում է, որ Կանոնակարգն ուժի մեջ է մտնում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը եւ գործում է մինչեւ սահմանազատման աշխատանքների ամբողջական ավարտը:
Նաեւ նշվում է, որ օգոստոսի 31-ի դրությամբ ադրբեջանական կողմը չի ավարտել Կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:
Հիշեցնենք, որ սահմանազատման կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի կողմից։
Ըստ Կանոնակարգի՝ կողմերը համաձայնություն են ձեռք բերել սահմանազատուման գործընթացը իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սակայն չի բացառվում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո գործընթացը կարող է այլ սկզբունքներով ընթանալ։
Փաստաթղթի համաձայն՝ կողմերը սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին կարող են ներգրավել փորձագետների, փոխանակել քարտեզագրական եւ գեոդեզիական նյութեր, լուսանկարներ, մշակել եւ ընդունել համատեղ աշխատանքի կարգի, սահմանազատման քարտեզի ստեղծման մասին ուղեցույցներ, սահմանազատման ընթացքում սահմանի առանձին հատվածներով իրականացնել սահմանագծման աշխատանքներ եւ այլն։